Հասարակական

Հայաստանն այլևս չի կարող հպարտանալ կարմրուկի տեղական դեպքերի վերացմամբ. տարեսկզբից գրանցվել է 14 դեպք

3 րոպեի ընթերցում

Հայաստանն այլևս չի կարող հպարտանալ կարմրուկի տեղական դեպքերի վերացմամբ. տարեսկզբից գրանցվել է 14 դեպք

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմրուկի 14 հաստատված դեպք է գրանցվել Հայաստանում տարեսկզբից: Հիվանդության տարածմանը նպաստել են պատվաստումներից հրաժարումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Պատվաստումներով կառավարվող հիվանդությունների առումով մենք իսկապես հպարտանում էինք: Հայաստանը սահմանափակ միջոցներով մեծ հաջողությունների էր հասել: Տարածաշրջանում միակ երկիրն էր, որտեղ 2007-ից կարմրուկի տեղական դեպքեր չէին գրանցվում: Սակայն ներկայում խնդիրներ ունենք՝ պայմանավորված պատվաստումից հրաժարումներով: Ցավոք, այս տարեսկզբից արդեն կարմրուկի 14 հաստատված դեպք ունենք: Հիվանդներից 12-ը պատվաստված չեն, իսկ մեկը 6 տարեկանի համար նախատեսված դեղաչափը դեռ չէր հասցրել ստանալ: Հիվանդությունը գրանցվել է տարբեր տարիքային խմբերում՝ նույնիսկ մինչև 48 տարեկան»,-ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ կարմրուկի տարածմանը նպաստում են չպատվաստված երեխաների կուտակումները: Իրենց նպատակն է, պատվաստման բարձր ընգրկում ապահովելով, կարողանալ ազդել վիրուսի շրջանառության վրա: Սակայն տարեցտարի ավելի մեծ թվով երեխաներ չեն պատվաստվում: Եվ ոչ պաշտպանված օրգանիզմների թիվն ու վիրուսի հանդիպելու հավանականությունը մեծանում է:

Սահակյանի կարծիքով՝ պատվաստումների կրճատման պատճառները ոչ մասնագետների կողմից հակապատվաստումային ակտիվ պայքարն ու համացանցում տեղ գտած թյուր տեղեկատվությունն են:

Կարմրուկի ցանը սկսում է դեմքից և տարածվում ողջ մարմնով: Ուղեկցվում է գրիպով, ջերմության շատ բարձրացմամբ՝ մինչև 41 աստիճան: Լինում են նաև հազ, փռշտոց, աչքերի բորբոքում: Կարող է զարգանալ բարդություն՝ կարմրուկային թոքաբորբ:

Կարմրուկով վարակվելու դեպքում կորչում է նաև իմունային հիշողությունը: «Սա նշանակում է, որ մարդը դառնում է խոցելի նույնիսկ այն հիվանդությունների նկատմամբ, որոնց դեմ պատվաստվել է: Կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից դուրս չի գալիս: Այն հիմնականում կուտակվում է ուղեղի անոթների շուրջը և իմունային համակարգի թուլացման դեպքում 7 տարվա ընթացքում կարող է ակտիվանալ»,- նշեց ազգային ծրագրի ղեկավարը:

Կարմրուկի դեմ պատվաստումներն իրականացվում են 12 ամսականում և 6 տարեկանում: Պատվաստումից հետո ջերմության բարձրացումը նորմալ երևույթ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում