1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ազգային փոքրամասնությունները գոհ են իրենց մասին օրենքի նախագծից, սակայն շտկումների անհրաժեշտություն են տեսնում

Ազգային փոքրամասնությունները գոհ են իրենց մասին օրենքի նախագծից, սակայն 
շտկումների անհրաժեշտություն են տեսնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ գոհ են ներկայացվող ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծից: Սակայն բոլորն էլ իրենց հարցերով զբաղվող Խորհրդի և որոշ այլ հարցերի հետ կապված փոփոխությունների և շտկումների անհրաժեշտություն են տեսնում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում առաջարկվող նախագծի մասին խոսեցին Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

«Ազգային փոքրամասնությունների մասին օրենքի նախագիծը քննարկվել է, և ես որոշակի հարցեր եմ բարձրացրել, արել իմ առաջարկությունները: Ներկայում գործում է ՀՀ նախագահի աշխատակազմին կից  ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհուրդը, որում ամեն մի համայնքից երկու հոգի ընտրվում է որպես անդամ: Կա նաև ՀՀ կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների և կրոնի բաժին: Սակայն առաջարկվող օրենքով այդ երկու կառույցներն այլևս չեն գործելու և լինելու է մեկ մարմին՝ Հանրային խորհրդին առընթեր Խորհուրդ: Եվ ես, և մյուսները դեմ ենք դրան, քանի որ Հանրային խորհուրդը խորհրդատվական մարմին է և չի կարող լուծել ազգային փոքրամասնությունների բոլոր հարցերը, որոնք կապված են կառավարության հետ»,-ասաց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովը:

Նրա խոսքով՝ Հանրային խորհրդում ունեցել են ազգային փոքրամասնությունների բաժին  և գործունեության 10 տարիների ընթացքում ոչ մի էական հարց այն չի կարողացել լուծել: Իրենք ուզում են, որ ազգային փոքրամասնությունները Կառավարության կազմում ունենան այդպիսի մի խորհուրդ, որ կարողանան լուծել Կառավարության հետ կապված հարցերը: Հասանովի խոսքով՝ ներկայում գյուղերում չունեն լեզվի ուսուցիչներ: Մասնագետներն արդեն մեծ են, իսկ նրանց փոխարինողներ չկան: Եվ առաջարկվել է նաև, որ ներկայացվող օրենքում նշվի, որ արտոնյալ պայմաններով, մրցակցությունից դուրս կարողանան յուրաքանչյուր համայնքից 1 կամ երկու հոգի ընդունվել բուհեր կադրերի հարցը լուծելու համար:

«Մենք Հայաստանում խտրականության դրսևորումներ չենք տեսել: Մեր կրթության լեզուն ազատ է, մշակույթը պահպանվում է, թերթերը լույս են ընծայվում: Իմ կարծիքով՝ այդ օրենքի կարիքը նույնիսկ չկար: Սակայն, երբ ազգային փոքրամասնությունների համար օրենք է ստեղծում պետությունը, շատ գովելի քայլ է»,-ասաց Հասանովն ու հավելեց, որ օրենքից ընդհանուր առմամբ գոհ են:

«Աթուր» ասորիների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Արսեն Միխայլովը նշեց, որ Ազգային ժողովում ինքը ևս հանդես է եկել որոշակի առաջարկություններով, որոնք կապված են կրթական համակարգի և Խորհրդի հետ, որը պետք է տեղափոխվի Հանրային խորհրդի կազմ: Միխայլովը ևս կարծում է, որ Խորհուրդը պետք է գործի Կառավարությանը կից:

Նախագծով՝ այն համայնքներում, որտեղ ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք կազմում են բնակչության առնվազն հիսուն տոկոսը, որպես տեղական ինքնակառավարման մարմինների հետ բանավոր հաղորդակցվելու լեզու կարող է օգտագործվել նաև ազգային փոքրամասնության լեզուն։ «Առաջարկել ենք թիվը դարձնել 20-25 տոկոս: Օրենքում կան կետեր, որոնք մեզ իրավունքներ և մեծ արտոնություններ են տալիս: Ընդհանուր առմամբ օրենքից գոհ ենք»,-ասաց Միխայլովը:

Իսկ եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Հանրային ռադիոյի» եզդիերեն հաղորդումների բաժնի ավագ խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Հասան Թամոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց՝ զարմացած է, թե իրեն ինչու չեն հրավիրել քննարկումների: Ինքը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում եզդիների միակ ռադիոծրագրի ավագ խմբագիրն է: Թամոյանը նշում է՝ դրանից զատ նաև կրթությամբ իրավաբան է, և կարծում է, որ օգտակար կլիներ, որ ինքը ևս մասնակցեր: «Ես տրամաբանական չեմ համարում, որ նման օրենք պետք է գոյություն ունենա, քանի որ այսօրվա օրենսդրական դաշտն ազգային փոքրամասնությունների վերաբերյալ բոլոր հարցերին լուծում տվել է: ՀՀ Սահմանադրությունն ասում է, որ մենք բոլորս օրենքի առաջ հավասար ենք, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում Ազգային փոքրամասնությունների իրավունքների իրականացման մասին օրենք: Սկզբունքորեն դեմ եմ նման անունով օրենքի գոյությանը: Մեր բոլոր իրավունքներն արդեն սահմանված են տարբեր օրենքներում»,-ասաց Թամոյանն ու հավելեց, որ ինքը միգուցե սխալ է մտածում, և դրա համար ցանկալի կլիներ, որ ինքն էլ մասնակցեր քննարկմանն ու լսեր:

Թամոյանն օրենքի նախագծին ծանոթանալուց հետո նաև որոշակի դիտարկումներ արեց, անդրադարձավ հարցերի, որոնք, իր կարծիքով, լիարժեք չեն կարգավորվում ներկայացվող նախագծով: «Նշվում է, որ ազգային փոքրամասնությանը պատկանող է համարվում այն երեխան, ում ծնողներից առնվազն մեկը ազգային փոքրամասնությանը պատկանող անձ է: Կարծում եմ՝ սա անտրամաբանական է: Ենթադրենք հայրը հայ է, մայրը՝ օրինակ ռուս, ինչո՞ւ է օրենքում նշվում, որ երեխան կարող է համարվել ռուս: Նախագծով ասվում է, որ ազգային փոքրամասնությունների լեզվով կարող են հեռարձակվել հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ, հրատարակվել հանդեսներ, ամսագրեր։ Կարծում եմ՝ անտեսված է համացանցը: Եթե դա էլ լրացվի, լավ կլինի»,-ասաց նա:

Թամոյանի դիտարկումներից մեկն էլ վերաբերում էր Հանրային խորհրդի կազմում ստեղծվող Խորհրդին: Դրա կազմում յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից պետք է լինի երկու անդամ: Խորհրդի անդամների թեկնածությունն առաջադրում են ազգային փոքրամասնությունների կազմակերպությունները: «Եզդիներն ունեն 1 տասնյակ կազմակերպություն: Չի ասվում, թե այդ կազմակերպություններն ինչ սկզբունքներով կարող են ընտրել իրենց ներկայացուցիչներին: Ինչո՞ւ պետք է մի կազմակերպությունը կարողանա լիազորել, մյուսը՝ ոչ: Օրենքը չի կարգավորում այս հարցը»,-ասաց Թամոյանը:

Խորհրդի նիստերին կարող են մասնակցել ազգային փոքրամասնությունները ներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը, ովքեր չունեն Խորհրդի քվեարկություններին մասնակցելու իրավունք։ Թամոյանի կարծիքով՝ ազգային փոքրամասնության ցանկացած ներկայացուցիչ պետք է կարողանա մասնակցել՝ թեկուզ քվեարկելու իրավունք չունենալով:

Թամոյանը ողջունելի է համարում, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք իրենց հիշարժան օրերը տոնելու համար կունենան առավելագույնը 3 օր չվճարվող արձակուրդի իրավունք: Սակայն նշում է նաև՝ կուզեր, որ ազգային  փոքրամասնությունների գոնե որոշ նշանավոր կամ կարևորագույն տոներ ընդգրկվեին ՀՀ ազգային տոների ցանկում:

Երևանի «Իլիոս» հունական համայնքի նախագահի տեղակալ Քրիստինե Ռաֆայելովան «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի ընդունումը կարևոր քայլ համարեց Հայաստանում մարդու իրավունքների նորովի արժևորման համար: «Կարևոր է նշել, որ մինչև այսօր անկախ Հայաստանի օրենսդրությունում եղել են միայն ազգային փոքրամասնությունների վերաբերյալ առանձին դրույթներ: Այժմ իրավիճակն այլ է: Այս նոր նախագծով ՀՀ ազգությամբ ոչ հայ քաղաքացիները կարող են լինել ավելի պաշտպանված՝ զարգացնելով իրենց լեզուն, մշակույթն ու ավանդույթները»,-եզրափակեց նա:

Մեր զրույցից հետո հաղորդագրություն ստացվեց, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնում մարտի 14-ին տեղի է ունեցել «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հերթական աշխատանքային քննարկումը: Ծավալված քննարկումների արդյունքում ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի անդամների հետ մի շարք դրույթների վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել, ինչի արդյունքում խմբագրված օրենքի նախագծի վերջնական տարբերակն առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի Կառավարություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]