Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով. Սերժ Սարգսյան

Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ 
կողմից մեկ հավելումով. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։ Սերժ Սարգսյանն ասում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և կոալիցիոն Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Նախագահը նաև նշում է, որ իր հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են և ինքը չգիտի՝ այս քննարկումները երբ կավարտեն։ Սակայն եթե ի վերջո որոշեն, որ առաջադրվելու է իր թեկնածությունը, ապա դա կլինի Սերժ Սարգսյանի կողմից մեկ հավելումով։

- Պարո՛ն նախագահ, Ձեր հայտնի ելույթում Դուք հայտարարել եք, որ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չեք հավակնելու վարչապետի պաշտոնին և հավելել եք, որ մեկ մարդը 2 անգամից ավելի չպետք է ղեկավարի երկիրը։ Այսօր այդ հայտարարությունը քաղաքական ընդդիմությունը պարբերաբար հրապարակավ մեջբերում է։ Հարցը հետևյալն է. դուք կդառնա՞ք ՀՀ վարչապետ ապրիլին։ 

– Նախ կարծում եմ, որ վաղուց արդեն ժամանակն է հրաժարվելու համատեքստից դուրս մեջբերումային լեզվակռիվների պարզունակ մարտավարությունից և ժամանակն է լսելու քաղաքական խոսքը, ընկալելու այն և քննարկելու հենց այդ մակարդակում։ Իսկ քաղաքական խոսքը հստակ է, բայց ոչ պարզունակ։ Երբ գործիչն ուզում է քաղաքական հայտարարություն անել այն մասին, որ չի լինելու ինչ-որ տեղում, նա ասում է՝ ես չեմ լինելու այսինչ տեղում, ինչպես ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի Հայաստանի Հանրապետության նախագահ։ Բայց երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում և խոսվում հավակնությունների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթությունում է։ Դժվար չէ սա տարբերել։ Ինչ վերաբերում է հավակնություններին։ Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար։ Այսօր մենք մի կողմից ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ, հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան, բայց մյուս կողմից չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն ստանձնած Հանրապետական կուսակցության և կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Ինձ հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են։ Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]