Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիբանան: Բեյրութի միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի կառավարության նստավայր, որտեղ ՀՀ վարչապետին դիմավորել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի և Լիբանանի վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Լիբանան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար: Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Լիբանանյան ընկերությունները կարող են օգտագործել մեր հարթակն առավել լայն շուկաներ մուտք գործելու համար՝ հաշվի առնելով մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտին և ԵՄ հետ GSP+ առևտրային ռեժիմը:  Առհասարակ, այժմ լավ ժամանակ է Հայաստան գալու և մեր երկրում ներդրում կատարելու առումով», - ասել է վարչապետը և ներկայացրել նաև Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը: ՀՀ վարչապետն առաջարկել է դիտարկել նաև համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը՝ թեթև արդյունաբերության, ոսկերչության, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում։

Սաադ Հարիրին, ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը, նշել է, որ Լիբանանը նույնպես լավ վայր է ներդրումներ իրականացնելու համար, մասնավորապես, ենթակառուցվածքների, այդ թվում՝ նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության համատեքստում:

Հայաստանի և Լիբանանի վարչապետները քննարկել են գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատել՝ այն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանն առաջարկել է նաև ուսումնասիրել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծման գաղափարը՝ համատեղ ծրագրերը ֆինանսավորելու նպատակով, ինչպես նաև նշել, որ հայկական կողմը պատրաստ է կիսվելու արևային էներգետիկայի ոլորտում իր փորձով:

Վարչապետն իր լիբանանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան՝ նշելով, որ այցի շրջանակում կարելի է նաև կազմակերպել հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ վերոնշյալ հարցերը քննարկելու և փոխգործակցության նոր ուղղություններ նախանշելու համար:  Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև Լիբանանի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ հարաբերությունների խորացման ու սերտացման գործում:

Հանդիպման ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]