Հասարակական

Չեխիայում ցեղասպանություններին նվիրված թանգարան է բացվել. ցուցադրված են Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութեր

4 րոպեի ընթերցում

Չեխիայում ցեղասպանություններին նվիրված թանգարան է բացվել. ցուցադրված են Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Թերեզին քաղաքում մարտի 9-ին տեղի ունեցավ Թերեզինշտադտի Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնին կից թանգարանի բացումը, որին մասնկացեց Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Թանգարանի բացման արարողությունը սկսեց Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնի գեղարվեստական ղեկավար Պավել Խալուպան, որից հետո ելույթներ ունեցան կենտրոնի տնօրեն, Հայաստանում հայտնի ցեղասպանագետ Շիմոն Կրբեցը, Թերեզինի քաղաքապետ Հանա Ռոժցովան, որից հետո ելույթ ունեցավ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ դեսպանը բարձր գնահատեց 2012 թվականից «9 դարպաս» փառատոնի և «Չարիքի հնէաբանություն» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի (որի իրավահաջորդն է Թերեզինշտադտի կենտրոնը) գործունեության շրջանակներում Պավել Խալուպայի և Շիմոն Կրբեցի հետ սկսած համագործակցությունը և կարևորեց կենտրոնը մեծ աշխատանքը ուսանողության շրջանակներում։ Այս համատեքստում դեսպանն ընդգծեց ուսումնական հաստատություններում Ցշեղասպանության առարկայի դասավանդման դերը ապագայում ցեղասպանությունների կանծարգելման և ժխտողականության դեմ պայքարի գործում։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց Չեխիայի խորհրդարանի գործող և նախկին պատգամավորներին 2017 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու համար։ Հատուկ կարևորվեց Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախկին նախագահ Րոբին Բյոհնիշի դերը, ով այլևս խորհրդարանի անդամ չէ։ ՀՀ դեսպանը խոսեց նաև Թերեզինշտադտի կենտրոնի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համագործակցության անհրաժեշտության մասին:

Ելույթով հանդես եկավ նաև սոցիալ-դեմոկրատ նախկին պատգամավոր, ՀՀ Նախագահի կողմից «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրված Րոբին Բյոհնիշը, ով եղել է Թերեզինշտադտի կենտրոնի և թանգարանի նախաձեռնողներից մեկը։ Նա չափազանց կարևորեց կենտրոնի գործունեությունը և ապագա սերունդներին ճշմարտությունը հասցնելու հրամայականը։ Իր խոսքով, «Հայոց ցեղասպանության պարագայում շատ քիչ վերապրողներ են մնացել։ Մինչդեռ աշխարհում չկա մի հայ, որի ընտանիքը ցեղասպանության հետևանքները կրած չլինի։ Հետևաբար, այսօրվա վկայությունները պահելով ու հանձնելով թանգարաններին, նաև կանխարգելում ենք չարիքի ընդլայնումը, որ առկա է նաև համացանցում»։

Թերեզինշտադտի Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնին կից թանգարանն իր տեսակում առաջինն է Չեխիայի Հանրապետությունում: Թանգարանի բացման օրն ընտրվել էր ի հիշատակ 1944թ. մարտի 8-9-ի գիշերը Լեհաստանի տարածքում գտնվող Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից դաժանաբար սպանված երեք և կես հազարից ավելի Թերեզինից տեղափոխված Չեխոսլովակիայի քաղաքացիների։

Նորաբաց թանգարանում ցուցադրված են ոչ միայն Հոլոքոստին նվիրված ցուցանմուշներ, այլև այլ ոճրագործություններին, այդ թվում Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութեր։ Թանգարանի ղեկավարությունը ծրագրում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի օժանդակությամբ զգալիորեն ընդլայնել և հարստացնել թանգարանի հայկական հավաքածուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում