Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայ համայնքը պետք է Պոլսո պատրիարքի ընտրություններ անցկացնի առանց որևէ միջամտության. Գարո Փայլան

 Հայ համայնքը պետք է Պոլսո պատրիարքի ընտրություններ անցկացնի առանց որևէ 
միջամտության. Գարո Փայլան

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամի միակ լուծումն արդար քվեարկության կազմակերպումն ու այդ ճանապարհով 85-րդ պատրիարքի ընտրությունն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով կոչ արեց տեղի հայ համայնքին ամենևին չհուսահատվել և չընդունել այն, ինչ պարտադրվում է:

-Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների գործընթացը Ստամբուլի նահանգապետարանի նամակով կրկին փակուղի մտավ: Պետությունը միջամտեց հայկական եկեղեցու գործերին: Ինչպե՞ս եք տեսնում այս գործընթացի լուծումը:

- Ժողովրդավարական կառույցներում ճգնաժամերը լուծվում են ժողովրդավարական ընտրությունների, քվեարկության միջոցով: Այս ճգնաժամի պարագայում էլ լուծումն անկասկած քվեարկությունն է: Հայկական համայնքը պետք է կարողանա պատրիարքի ընտրություններ կազմակերպել առանց որևէ միջամտության: Եվ բոլորը պետք է հարգեն այն արդյունքը, որը դուրս կգա քվեատուփից:

- Պատրիարքական ընտրությունների գործընթացի՝ այս վիճակին հասնելու գործում տեսնո՞ւմ եք պատրիարքական փոխանորդի պաշտոնում մնացող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մեղավորությունը:

- Իհարկե: Նա առաջնորդվել է ոչ թե հայկական համայնքի, այլ սեփական շահերով: Անազնիվ համագործակցության մեջ է մտել պետության ներսում գտնվող մի խմբի հետ, որի նպատակը հայկական համայնքի գլխին հարկադիր կատարողի նշանակելն էր: Այդպիսով աչք է փակել համայնքի շահերի վրա՝ միևնույն ժամանակ անտեսելով եկեղեցական ավանդույթները:

- Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակում գրել էր, որ այս իրադրությունը կարող է հայկական համայնքի պառակտման պատճառ դառնալ: Կիսո՞ւմ եք Սրբազանի մտքերը:

-Միանշանակ համաձայն եմ: Թուրքիայի ներսում քաոս է տիրում, որը, բնականաբար, ազդում է նաև հայկական համայնքի վրա: Հայկական համայնքի ապագայի նկատմամբ մտահոգ այս ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները մասնատում են մեր կառույցները:

- Ի՞նչ կոչ կանեք Ստամբուլի հայ համայնքին:

-Կոչ եմ անում, որ բացարձակապես չհուսահատվեն և չընդունեն այն, ինչ պարտադրվում է: Որպես հայ համայնք՝ պետք է կենտրոնանանք այն ընտրությունների վրա, որի իրավունքն ունենք՝ հանուն հոգևոր և աշխարհիկ կյանքում առկա քաոսի վերացման: Պետք է նպատակ ունենանք հասնելու հոգևոր և աշխարհիկ առումներով ճիշտ կառավարվող, հզոր համայնքի: Բոլոր հարթակներով կրկնում եմ, որ այդ նպատակը բխում է նաև Թուրքիայի շահերից: Շարունակելու եմ այս ուղղությամբ ջանքեր գործադրել: Կոչ եմ անում ցանկացածին, ով պատասխանատու է իրեն զգում այս հարցում, սեփական շահերը մի կողմ դնելով՝ միանա այդ ջանքերին:

Արաքս Կասյան

Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին ուշացած պատասխանել էր Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար: Նույն հայտարարության մեջ ասվում էր, որ թուրքական իշխանությունները շարունակում են ճանաչել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ որպես պատրիարքական փոխանորդ:

Այս հայտարարությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը փետրվարի 9-ին որոշում է կայացրել այն մասին, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ:

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով 2017 թվականի մարտի 15-ին Հոգևոր խորհրդի կողմից ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում, հայտարարել էր Ստամբուլից հեռանալու որոշման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]