Մշակույթ

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի բացման աշխատանքներն ընթացքի մեջ են  

3 րոպեի ընթերցում

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի բացման աշխատանքներն ընթացքի մեջ են  

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ գրող, համաշխարհային գրականության կարկառուն ներկայացուցիչ Վիլյամ Սարոյանի կենսագրությունը, ստեղծագործական կյանքը, ճանապարհորդությունների, հուշերի մասին պատմող նյութերը, նկարները թվայնացված տարբերակով կներկայացվեն նրա տուն-թանգարանում, որի երկար սպասված բացումը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 31-ին` գրողի հոբելյանական 110-ամյակին: Այս կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Սարոյան Հաուս» նախագծի օգնական Անժելա Ավագյանի հետ:

«Ներկայումս տուն-թանգարանի շինարարական աշխատանքները կանգ են առել, քանի որ բանակցություններ են իրականացվում Ֆրեզնոյի քաղաքապետարանի հետ, և այդ գործընթացը դեռ շարունակվում է: Հավանաբար, փետրվարի վերջին կամ մարտի սկզբին թույլտվություն կստանանք, և բարեկարգման փուլը կվերսկսենք»,-նշեց Ավագյանը և հավելեց, որ կարևորագույն նյութերի հավաքման աշխատանքները դեռ շարունակվում են:

Նա ընդգծեց, որ թանգարանը ստեղծելիս ձգտել են հնարավորինս հետաքրքիր ու բազմաբովանդակ տեղեկություններ, հոդվածներ հավաքել Սարոյանի մասին: Թանգարանը կլինի ինտերակտիվ և նորարարական լուծումներով հարուստ, թանգարանի հոլոգրամը այցելուներին կպատմի Սարոյանի կյանքի, ստեղծագործությունների մասին: Ցուցանմուշների մեծ մասը` նկարներ, Սարոյանի ճանապարհորդությունների վերաբերյալ հոդվածներ, նոթեր, կներկայացվեն թվայնացված տարբերակով:

Ավագյանի խոսքով` թանգարանի բացմամբ հետաքրքրվում են ոչ միայն հայերը, այլև օտարերկրացիները` առաջարկելով իրենց աջակցությունը:

«Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2016 թվականին ձեռք է բերել Վիլյամ Սարոյանի տունը, որը հանվել էր աճուրդի:

Այդ իրադարձությունից հետո «Ռենեսանսի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը հիմնել է «Սարոյան Հաուս» նախագիծը` ցանկանալով գրողի տունը վերածել թանգարանի: Նախագիծը մշակելու համար հայտարարվել էր մրցույթ, որի արդյունքում հաղթել էր «Ստորակետ» ճարտարապետական ստուդիան` առաջարկելով ոչ ավանդական, նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած նախագիծ:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում