Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է միջազգային խոշոր ընկերությունների 
ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հունվարի 23-ին հանդիպումներ է ունեցել  միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանի առաջին հանդիպումը խորհրդատվության ոլորտում  «Մեծ եռյակ»-ի ընկերություններից մեկի՝ «Բի Սի Ջի» (Boston Consulting Group, BCG) ընկերության նախագահ Հանս-Պոլ Բյորների հետ էր:

Հանդիպմանը քննարկվել են «Բի Սի Ջի» ընկերության և «Բի Սի Ջի Դիջիթլ Վենչուրս» ընկերության հետ համագործակցության հեռանկարները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ընկերության համար՝ ինչպես որպես առանձին երկիր, այնպես էլ որպես տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու հարթակ՝ նշելով, որ լինելով ԵԱՏՄ անդամ, Հայաստանն  օգտվում է նաև Եվրամիության  GSP+  արտոնյալ ռեժիմից, իսկ հարևան Իրանի հետ սահմանին ստեղծվում է Մեղրի ազատ տնտեսական գոտին, որը գործակցության նոր հնարավորություններ կարող է ստեղծել: Զրուցակիցներն անդրադարձել են  փոխգործակցության հեռանկարային ուղղություններին:

«Մեծ եռյակ»-ում, բացի «Բի Սի Ջի»-ից, ընդգրկված են նաև McKinsey և  Bain & Company ընկերությունները: Ներկայումս  «Բի Սի Ջի» ընկերությունը գրասենյակներ ունի  50 երկրում:

Վարչապետի մյուս հանդիպումը  «ՎԵՈՆ» ( VEON) ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի հետ և արտաքին կապերի ղեկավար Մարկ Մաքգանի հետ էր:

Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է «ՎԵՈՆ»-ի հետ հաստատված համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում և կավելացնի ներդրումների ծավալը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող Թվային օրակարգին՝ ընդգծելով դրա կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար:

ՎԵՈՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ բավարարված են 2017 թվականի արդյունքներով, և իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու: «Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին ու տարածաշրջանին, և կարծում ենք, որ այն ավելի գրավիչ է դառնում օտաերկրյա ներդրողների համար», - նշել է Ժան Իվ Շարլիեն՝ տեղեկացնելով, որ մոտ ժամանակներս կրկին կայցելի Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am