Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ժամանակակից տեխնոլոգիաները ևս մեկ կիրառություն ստացան Ալեքսանդր Սպենդիարյանի  50-ամյա տուն-թանգարանում

Ժամանակակից տեխնոլոգիաները ևս մեկ կիրառություն ստացան Ալեքսանդր 
Սպենդիարյանի  50-ամյա տուն-թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը 50-ամյա հոբելյանի առիթով իրականացնում է նոր ծրագրեր՝ ինտերակտիվ խաղերով մշտական ցուցադրության համալրում և հոբելյանական համերգներ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին խոսեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

«Հոբելյանական տարվա շրջանակում դեկտեմբերի 14-ին տեղի կունենա երկու նոր ծրագրի շնորհանդես: Տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը կհամալրվի «Իմ նվագախումբը» նոր ինտերակտիվ խաղով: Այս վիրտուալ խաղի միջոցով այցելուն կկարողանա ստեղծել իր նվագախումբը և տեղեկանալ նվագախմբի անդամների դասավորությանը, գործիքների տեսակին, քանակին և հնչողությանը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ»,-ասաց Օթարյանն ու հավելեց, որ ինտերակտիվ խաղը նոր այցելուներ կբերի թանգարան:

Մյուս՝ «50 հուշանվեր՝ 50-ամյա թանգարանից» ծրագիրն իրականացվել է տուն-թանգարանի արտաբյուջետային միջոցներով։ Հաստատության հոբելյանի առիթով ստեղծված յուրաքանչյուր հուշանվերը կրում է կոմպոզիտորի ստեղծագործությունների բովանդակային շեշտը կամ նրա ժամանակների արտացոլքը, բայց բոլորն էլ ունեն մերօրյա կիրառություն և գեղագիտական ամբողջություն։ Հուշանվերները ստեղծվել են տուն-թանգարանի աշխատակիցների մտահղացմամբ և իրագործվել տարբեր ընկերությունների ու վարպետների հետ համագործակցության արդյունքում։

 Հայաստանի առաջին երաժշտական տուն-թանգարանը, տևողությամբ և նշանակությամբ պատկառանք ներշնչող գործունեությունը նշանավորելու նպատակով, ընթացիկ տարվա բոլոր միջոցառումները նվիրել է սեփական 50-ամյակին։  Իսկ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ նոյեմբերի 1-ին, հայտարարվել է հոբելյանական միջոցառումների մեկամսյակի մեկնարկը։  Ավանդույթի համաձայն` կոմպոզիտորի գործունեությունը գնահատողներն ու ստեղծագործական ժառանգության երկրպագուները, ինչպես նաև նրա անունը կրող երեք հաստատությունների՝ տուն-թանգարանի, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և երաժշտական մասնագիտացված դպրոցի աշխատակիցներն ու սաները այցելել են Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմ և հարգանքի տուրք մատուցել։ 

Պատանի սպենդիարյանականները՝ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի առաջին դասարանցիների արդեն 21-րդ սերունդը, հանդիսավոր կերպով երդվել է հավատարիմ մնալ կոմպոզիտորի սահմանած բարձր չափանիշներին։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը մի հատված է կատարել «Ալմաստ» օպերայից։

«Նույն օրը ներկայացրեցինք երկու շատ կարևոր՝ «Բացահայտիր Սպենդիարյանին» և «Ես՝ բեմանկարիչ» կրթական ծրագրերը,  որոնք հարստացնելու են մեր առաջակը ամենատարբեր տարիքի այցելուներին: Այդ ծրագրերն ունեն ուսուցողական և ժամանցային բաղադրիչներ, իսկ նպատակը  կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը ժամանակակից մեթոդներով հանրահռչակելն է»,-ասաց տուն-թանգարանի տնօրենը:

«Բացահայտիր Սպենդիարյանին» խաղը մշակված է հարցաթերթիկների սկզբունքով։ Յուրաքանչյուր հարց պարունակում է ճիշտ պատասխանի հուշում՝ զարգացնելով տրամաբանությունը և առանց հատուկ ուսուցողական գործընթացի, տալիս գիտելիք ոչ միայն կոմպոզիտորի ու նրա ստեղծագործությունների մասին, այլև երաժշտությունից, կերպարվեստից, պատմությունից, աշխարահագրությունից, գրականությունից։ Կրթական ծրագրում գործածվել են նորագույն տեխնոլոգիաներ՝ touch էկրաններ:

Հաջորդ՝ «Ես՝ բեմանկարիչ» ծրագիրը ներկայացնում է «Ալմաստ» օպերան՝ բեմի և հերոսների հագուստների էսքիզների միջոցով։ «Այցելուները ներկում են այդ էսքիզները և ստեղծում բեմական մանրակերտ: Եթե հաջողվում է նրանց ստեղծել այդ բեմական մանրակերտը, ունկնդրում են կոմպոզիտորի մեկ ստեղծագործություն: Ծրագիրը հնարավորություն է տալիս երեխաներին՝ հասկանալ, թե ինչ է օպերան, ինչպես է ձևավորվում օպերային ներկայացման բեմը»,-ասաց Օթարյանը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ նոյեմբերի 28-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։ Այն մեկնարկել է ‹‹Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը›› գրքի շնորհանդեսով։ Հաստատության գործունեությունը ներկայացնող գիրքը հեղինակել է տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, խմբագրել` հայագետ Արծվի Բախչինյանը։ Ձևավորումը ստանձնել է «Դիմ քոմյունիքեյշընս» ընկերությունը, տպագրությունը՝ «Էդիթ Փրինթ» հրատարակչությունը։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հոգացել է բոլոր ծախսերը։ Հոբելյանական միջոցառման համերգային մասում հանդես են եկել Ալեքսանդր Սպենդիարյանի անունը կրող երկու հաստատությունների՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ու երաժշտական մասնագիտացված դպրոցի մենակատարները, երգչախումբը և ժողովրդական գործիքների նվագախումբը։ Կոմպոզիտորի ռոմանսները կատարել են Նարինե Անանիկյանը, Դիաննա Հարությունյանը, Լիաննա Վարդանյանը և Անդրանիկ Մալխասյանը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ։ Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակի ելույթով եզրափակվել է  հոբելյանական միջոցառումը։

Նույն օրը երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով են պարգևատրվել տուն-թանգարանի երեք աշխատակիցներ, իսկ Մարինե Օթարյանին շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]