Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կլիմայական փոփոխության դեմ պայքարի միջոցառումներով Հայաստանը տարածաշրջանի առաջատար երկրներից է

Կլիմայական փոփոխության դեմ պայքարի միջոցառումներով Հայաստանը 
տարածաշրջանի առաջատար երկրներից է

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կլիմայական փոփոխության դեմ պայքարի միջոցառումներով Հայաստանը տարածաշրջանի առաջատար երկրներից է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, որ Գերմանիայում օրերս կայացած ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 23-րդ համաժողովին մանրամասն ներկայացվել է Հայաստանի կատարած աշխատանքները:

«Հայաստանը 14-րդ երկիրն է, որ զեկուցում է իր առաջընթացի մասին, թե ինչ է արվել ջերմոցային գազերի արտանետումների կրճատման մասով: Մենք արձանագրում ենք, որ 1990 թվականի համեմատ մեր երկրում վերջին տարիներին ջերմոցային գազերի արտանետումների անկում  է գրանցվել: Ներկայում Հայաստանը 1990 թվականի արտանետումների ծավալի 30-40 տոկոսն է ունենում: Խնդիր է դրված այնպես անել, որ արդյունք ստեղծող արտադրությունը քիչ արտանետումներ ունենա: Այսինքն` տնտեսության զարգացում լինի, բայց արտանետումների քանակը չաճի»,-ասաց Դիանա Հարությունյանը: Նրա խոսքով, Հայաստանում քիչ ծավալով է օգտագործվում մազութ ածուխ, իսկ դա առաջընթաց է: Դրանից բացի տրանսպորտային միջոցների 70 տոկոսն անցում է կատարել սեղմված գազի օգտագործմանը, իսկ գազն ավելի մաքուր վառելիք  է, քան բենզինը, դիզելային վառելիքը:

«Հայաստանն այսօր մեծ թափով առաջ է տանում արևային էներգիայի ծրագիրը: Դա համարվում է առաջընթաց քայլ: Հայաստանը նպատակ է դրել մինչև 2030 թվականը վերականգնող էներգիայի արտադրման ծավալը հասցնել մինչև 50 տոկոսի, այսօր այդ ցուցանիշը 36 տոկոս է»,-ասաց Դիանա Հարությունյանը:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ համաժողովին Հայաստանի մասնակցությունը բավական արդյունավետ էր: Հայաստանը մասնակցում էր ներկայացուցչական կազմով և ներգրավված էր բազմաթիվ քննարկումներում:

«Համաժողովի նպատակը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարն է, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը: Կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում իրականացված քայլերով մեր երկիրն առաջնային դիրքերում է: Համաժողովին հնչեցին քաղաքական հայտարարություններ: Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահի կողմից հնչեց հայտարարություն այն մասին, որ Ֆրանսիան առավել մեծ ուշադրություն է դարձնելու այն երկրների հետ, որոնք ներգրավված կլինեն կլիմայի դեմ պայքարի գործողություններում»,-ասաց փոխնախարարը: Նրա խոսքով, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման գործում քննարկվեցին զարգացող երկրներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու տարբերակները: Դրանցից մեկը «Կանաչ կլիմայական հիմնադրամ»-ի աջակցությունն է: Հայաստանն արդեն 20 մլն դոլարանոց դրամաշնորհի փաստաթուղթ է ստորագրել «Կանաչ կլիմայական հիմնադրամ»-ի հետ:

Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի պատվիրակության հարցադրումներին և Հայաստանի պատվիրակության արձագանքին: 

«Ինչպես միշտ Ադրբեջանն առիթը բաց չի թողնում նույն երգը երգելու: Կարծում եմ, որ բնապահպանական հանրությունը հոգնել է նույն երգից:  Իրենց ելույթը նվիրել էին Հայաստանին, ասելով, որ Հայաստանի պատճառով չեն կարողանում կատարել կլիմայի դեմ պայքարում իրենց պարտականությունները, «որովհետև տարածքները իրենց վերահսկողության ներքո չեն»: Ելույթում ընդգծեցի, որ Արցախն անկախացել է այն նույն իրավական նորմերի հիման վրա, ինչ Ադրբեջանը: Եվ եթե Ադրբեջանը հետաքրքրված է կլիմայական հարցերով, այլ ոչ թե փորձում է շահարկել տարբեր հարթակները, ապա ուղղակի պարտավոր է համագործակցել Արցախի Հանրապետության հետ»,-հավելեց փոխնախարարը:

Նոյեմբերի 6-17-ը Գերմանիայում տեղի ունեցավ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 23-րդ համաժողովը: Ներկա են գտնվել ավելի քան 16.000 մասնակիցներ, այդ թվում` 9.200 պետական պաշտոնյաներ, 5.500 ներկայացուցիչներ ՄԱԿ-ի մարմիններից/գործակալություններից և միջկառավարական ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններից: Հիմնականում քննարկվել է Փարիզի համաձայնագրի դրույթների կատարման առաջընթացը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]