Տարածաշրջանային

Paradise Papers. Թուրքիայի վարչապետի որդիները հայտնվել են նոր օֆշորային սկանդալի կենտրոնում

2 րոպեի ընթերցում

 Paradise Papers. Թուրքիայի վարչապետի որդիները հայտնվել են նոր օֆշորային սկանդալի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումը նոյեմբերի 5-ին հրապարակել է տվյալներ հայտնի ընկերությունների և աշխարհի տարբեր երկրների ներկա կամ նախկին ղեկավարների օֆշորային գործունեության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Paradise Papers անվանումը ստացած նյութերը պարունակում են շուրջ 13,4 մլն փաստաթուղթ: Դրանցում տվյալներ կան շուրջ 120 քաղաքական գործիչների մասին, այդ թվում և Կանադայի վարչապետի Ջասթին Թրյուդոյի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի անդամների, Միացյալ Թագավորության Ելիզավետա թագուհու վերաբերյալ:

Օֆշորային սկանդալում են ներգրավվել նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները:

Կոնսորցիումի հրապարակած նյութերում նշվում է, որ եղբայրները Մալթայում գրանցված երկու ընկերությունների միակ սեփականատերերն են: Առաջինը՝ Hawke Bay Marine Co. Ltd-ն, ստեղծվել է 2004 թվականի ապրիլին: Ընկերությունն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նավերով: Երկրորդ ընկերությունը՝ Black Eagle Marine Co. Ltd-ը, գրանցվել է 2007 թվականին: Գրանցված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Էրքամը, ով ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերն է, նաև այդ երկու ընկերությունների տնօրենն է: Երկու ընկերություններն էլ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Մալթայի ընկերությունների ռեգիստրում գրանցված են որպես ակտիվ գործող ընկերություններ:

Կոնսորցիումից հայտնել են, որ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ հրապարակված նյութերի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում