Պաշտոնական

ՀՀ Նախագահը ստորագրել է հրամանագիր ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը ստորագրել է հրամանագիր ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` ո ր ո շ ու մ ե մ.

1. 2017 թվականի նոյեմբեր - 2018 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:

3. 2018 թվականի հունվար ամսին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում