ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի թիմային առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունական Կրետե կղզում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Մրցաշարի երկրորդ տուրում Արշակ Պետրոսյանի ղեկավարած թիմը մրցում էր Հունաստանի առաջին թիմի հետ: Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը, ովքեր մրցում էին սպիտակ խաղաքարերով, հաղթանակներ տոնեցին: Սերգեյ Մովսեսյանը պարտություն կրեց, իսկ Հրանտ Մելքումյանը կիսեց միավորը: Հայաստանի հավաքականը հաղթեց 2,5-1,5 հաշվով:
Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 16:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին: