Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ջութակահար Նիկոլայ Մադոյանը «Գինեսի» համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ջութակահար Նիկոլայ Մադոյանը «Գինեսի» համաշխարհային ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Հայտնի ջութակահար Նիկոլայ Մադոյանը «Գինեսի» ռեկորդակիր է դարձել 2017 թվականի փետրվարի 11-12-ը Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը 33 ժամ, 2 րոպե, 41 վայրկյան անընդմեջ նվագով: Նա ժամը մեկ հինգ րոպե դադարի հնարավորություն է ունեցել: Մադոյանը ռեկորդը սահմանել է հանուն հայրենիքի և այն նվիրում է Արցախյան քառօրյա պատերազմի անմահ հերոսներին:

Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների  հետ հանդիպմանը խոսեցին ջութակահարը և «Դյուցազնագրքի» հեղինակ, Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը:

«Ռեկորդը գրանցելու համար ընտրել եմ 59 հանրահայտ և բավականին բարդ ստեղծագործություններ: Ներառել եմ նաև չորս հայկական գործեր` Կոմիտասի «Ծիրանի ծառ»-ը, «Քելեր, ցոլեր»-ը, «Կռունկ»-ը և Էդվարդ Բաղդասարյանի «Նոկտյուրն»-ը»»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ջութակահարը:

Նա ընդգծեց, որ ութ ժամում 59 ստեղծագործությունները կրկնվել են ութ անգամ, սակայն ինքը դրանցից յուրաքանչյուրը յուրովի է մատուցել, նոր մեկնաբանությամբ:

Նիկոլայ Մադոյանի խոսքով` այդ փորձն իրեն հիանալի հնարավորություն է տվել ստուգել իր տեխնիկական հնարավորությունները: «Ես կարողացա գտնել մեթոդներ ու միջոցներ, որոնք ինձ թույլ տվեցին ժամեր շարունակ նվագելով հանդերձ բարելավել ծանրաբեռնված մկաններիս վիճակը ու շարունակել նվագը»,-շեշտեց ջութակահարը:

Անդրադառնալով «Գինեսի» ռեկորդակիր լինելու ընձեռած լայն հնարավորություններին` նա ասաց, որ այդ հանգամանքը յուրաքանչյուր արտիստի առաջ մեծ դռներ է բացում: «Եթե համերգային ծրագրի համար նախատեսված պաստառի վրա նշվում է, որ տվյալ երաժիշտը «Գինեսի» ռեկորդակիր է, նրա նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծանում է»,-եզրափակեց Մադոյանը:

Վարդան Թովմասյանի խոսքով` Նիկոլայ Մադոյանը ևս մեկ ռեկորդ է սահմանել, որը ներկայացվել է «Գինեսի» ռեկորդների գրասենյակ, սակայն դրա պատասխանը դեռ չի ստացվել: «Նա Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Բոռի թռիչքը» ստեղծագործությունը սովորական ջութակով նվագել է 46 վայրկյանում, իսկ անգլիացի մի երաժիշտ էլեկտրական ջութակով նույն գործն ավելի երկար է նվագել»,-ասաց Թովմասյանը և հավելեց, որ Հայաստանում Նիկոլայ Մադոյանն առաջին ռեկորդակիրն է մշակութային ոլորտում:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Նիկոլայ Մադոյանը ծնվել է 1973 թվականի հունիսի 1-ին Երևանում: Սովորել է Երևանի թիվ 12 երաժշտական դպրոցի Էմմա Գեսելևայի (Նուրազյանի) ջութակի դասարանում, այնուհետև` Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, Հրաչյա Բոգդանյանի ջութակի դասարանում: 1986թ. տեղափոխվել է Նովոսիբիրսկ և ուսումը շարունակել տեղի Գլինկայի անվան կոնսերվատորիայում՝ Զախար Բրոնի դասարանում: Կրթվել է նաև Լյուբեկի Երաժշտական բարձրագույն դպրոցում, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Արամ Շամշյանի ղեկավարությամբ և որոշ ժամանակ դասավանդել կոնսերվատորիայում:

Նա Գևորգ Կլենկամպֆի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող է: 1988-ին Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ և այնպիսի հայտնի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Կ. Մազուրը, Ռ. Հիքոքսը, Կ. Աբբադոն, Ա. Կացը, Դ. Կիտաենկոն, Վ. Գերգիևը, Լ. Հագերը, Մ. Բամբերտը, Պ. Դուֆալոն, Ն.Ալեքսեևը և այլք: Թողարկել է շուրջ 25 ձայնասկավառակ: 2004-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]