Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հայկական նորաստեղծ 15 տաղանդավոր թիմեր և ընկերություններ կիրականացնեն նորարարական ծրագրեր

Հայկական նորաստեղծ 15 տաղանդավոր թիմեր և ընկերություններ կիրականացնեն 
նորարարական ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) հաղթողները հայտնի դարձան մայիսի 5-ին: Երկօրյա մրցույթներին մասնակցեցին և իրենց նորարարական գաղափարներն ու ծրագրերը ներկայացրեցին նախնական ընտրված 38 նորաստեղծ թիմեր և կազմակերպություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիրը հայտարարվել էին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Եվրամիության/ԵՄ ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ: 2 ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ: IMG և STEP ծրագրերի նպատակն է խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացումը, խրախուսել համագործակցությունը գիտության և մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջև, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում:

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում ընտրվեցին 10 հաղթողներ, ովքեր կստանան 30-50 հազար եվրոյի չափով դրամաշնորհ: STEP մրցույթում ընտրվեցին 5 հաղթողներ, որոնց մրցանակը 15 հազար եվրոյի չափով ֆինանսավորումն է:

Մինչ մրցույթների եզրափակիչ փուլը թիմերի և ընկերությունների համար իրականացվել են դասընթացներ, տրամադրվել մենթորություն միջազգային ու տեղական փորձագետների կողմից: Կազմակերպիչները շարունակաբար աջակցելու են հաղթողներին՝ հետագայում նույնպես տրամադրելով մենթորություն, պոտենցիալ ներդրողների հետ կապերի հաստատման հնարավորություն, առևտրայնացման ռազմավարություններ մշակման և նորարարական արտադրանքների վերլուծության աջակցություն:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» թիմի ղեկավար Էվա Նեհերը նշեց, որ 2 ծրագրերին դիմել էին շուրջ 90 մասնակիցներ, որոնց հետ ահռելի աշխատանք է իրականացվել SMEDA-ի և ՁԻՀ-ի կողմից խորհրդատվության ու մենթորության տրամադրման, ապա ընտրության և գնահատման փուլերում, ինչի արդյունքում հաջողակ համագործակցություն տեղի ունեցավ, որը նաև հետագայում ևս շարունակելի է:

ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ստանձնել է նորաստեղծ կազմակերպությունների ձևավորման գործառույթը և արդեն իսկ աջակցություն է ցուցաբերել ավելի քան 250 թիմերի ու ընկերությունների: ‹‹Այժմ, նպատակ ունենալով նաև աջակցել ճարտարագիտության, մաքուր և բարձր տեխնոլոգիական ուղղվածության սկսնակներին, 2017-2019թթ. ընթացքում կիրականացնենք Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիրը (STEP)››:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» տեխնիկական խորհրդատու Փիեր Փրիվիչը վերհիշեց 2 մրցույթների բոլոր փուլերը՝ տեղեկատվական հանդիպումներ, խորհրդատվություն, նախապատրաստական ճամբարներ և ներկայացումների նախապատրաստում: ‹‹Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ժյուրիին վերջին 2 օրերին իրենց ուշադրության և արժեքավոր խորհուրդների համար››, - եզրափակեց նա:

Ինչ վերաբերում է ժյուրիի անդամներին, նրանք նշեցին, որ հայկական նորաստեղծ ընկերություններն ընդհանուր առմամբ պետք է բարելավեն իրենց ներկայացման ունակությունները: Ժյուրիին և ներդրողին ներկայացվող գաղափարներն ու ծրագրերը պետք է տեխնիկապես իրագործելի լինեն, թիմերը պետք է կառուցողական և խորհրդի առաջ բաց լինեն:

Ժյուրիի անդամներից մեկը՝ պրն. Քրիստիան Շելենբերգերը Գերմանիայից ավելացրեց. ‹‹Ներկայացված արտադրանքներից որոշներն անչափ ոգևորիչ էին և որոշ ներկայացումներ հրաշալի էին և դրանք հաղթեցին: Նրանք, ովքեր չհաղթեցին, նույնպես օգուտ քաղեցին այս գործընթացից, քանի որ սովորեցին, բարելավեցին իրենց ունակությունները և արժեքավոր կապեր ձեռք բերեցին, ինչը նրանց կօգնի ավելի լավ և ավելի արդյունավետ ներկայանալ այլ մրցույթներում››:

IMG մրցույթի հաղթողներն են Volterman Smart Wallet-ը, Chessfimee-ը, Embry-ը, WiseLogger-ը, Skycryptor-ը, Xcloud Conductor-ը, ShellGuard-ը, OnYourWay-ը, Pixomatic-ը, FPGA Key Value Database for IoT-ը: STEP ծրագրի հաղթող ստարտափերն են Financial Tech-ը, CNC Machine line-ը, One- Click key-ը, Custom I/O modules for NI my RIO and ElvisRIO platforms-ը, CDM for Education, Based on New Generation Optical Element-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am