Քաղաքականություն

ԵԱՀԿ ԽՎ 250 կարճաժամկետ դիտորդներ ապրիլի 2-ին Հայաստանում կհետևեն քվեարկությանը

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ ԽՎ 250 կարճաժամկետ դիտորդներ ապրիլի 2-ին Հայաստանում կհետևեն քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները կհետևեն Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ ԽՎ գրասենյակից:

ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը Իգնասիո Սանչես Ամորին (Իսպանիա) նշանակել է որպես հատուկ համակարգող, ով կղեկավարի ԵԱՀԿ ԽՎ 250 կարճաժամկետ դիտորդներին ապրիլի 2-ին կայանալիք քվեարկության ժամանակ: Գայիր Յորգեն Բեքեֆոլդը (Նորվեգիա) կծառայի որպես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար: Պատվիրակության կազմում կներառվեն 55 խորհրդարանականներ 23 երկրից:

«Դիտորդներն ու ես մանրամասն կերպով ուսումնասիրում ենք Հայաստանի նախընտրական գործընթացը: Այս ընտրությունները կլինեն առաջինը Հայաստանի փոփոխված Սահմանադրությամբ, որով անցում էր կատարվել կիսանախագահական համակարգից խորհրդարանական հանրապետության»,- նշել է Սանչես Ամորը:

Նա ԵԱՀԿ ԽՎ-ում Իսպանիայի պատվիրակության ղեկավարն է, ինչպես նաև Խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի գլխավոր հանձնաժողովի նախագահը: Նա կլինի Երևանում մյուս շաբաթվանից և հանդիպումներ կանցկացնի մարտի 29-ից սկսած:

Գայիր Յորգեն Բեքեֆոլդը ԵԱՀԿ ԽՎ-ում Նորվեգիայի պատվիրակության ղեկավարն է:

ԵԱՀԿ ԽՎ-ն նախկինում Հայաստանում հետևել է 1995, 1998, 1999, 2003, 2007, 2008, 2012 և 2013 թվականի ընտրություններին: 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ Խորհրդարանական վեհաժողովը համագործակցելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ինչպես նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ու Եվրոպայի խորհրդարանի առաքելությունների հետ:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում