Հասարակական

«ԳԱՎԻ»-ն Հայաստանում նախատեսում է իրականացնել 60 հազար ԱՄՆ դոլարի անցումային աջակցության ծրագիր

2 րոպեի ընթերցում

«ԳԱՎԻ»-ն Հայաստանում նախատեսում է իրականացնել  60 հազար ԱՄՆ դոլարի անցումային աջակցության  ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը` «ԳԱՎԻ»-ն, նախատեսում է 2017 թվականին Հայաստանում դրամաշնորհային ծրագրով վերակառուցել և վերանորոգել պատվաստանյութերի պահպանման 5 մարզային պահեստ, ինչպես նաև իրականացնել անցումային աջակցության ծրագիր` ներդնելով 60 հազար ԱՄՆ դոլար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Վերակառուցված պահեստներում հնարավորություն կստեղծվի տեղադրելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից որպես նվիրատվություն տրամադրված սառնարան-սենյակները, որոնք հագեցված են ջերմային ռեժիմի շարունակական մշտադիտարկման էլեկտրոնային սարքերով:

ԳԱՎԻ-ին Հայաստանին աջակցում է 2000 թվականից՝ երկրում նոր պատվաստանյութերի (Հեպատիտ Բ, հեմոֆիլուսային բաղադրիչով հնգավալենտ, ռոտավիրուսային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային) ներդրման, ինչպես նաև պատվաստումային ծառայությունների օժանդակության ծրագրերով։

Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջող իրականացման արդյունքում մեր երկրում դիտվում է վարակիչ կառավարելի հիվանդություններով հիվանդացության և մանկական մահացության շարունակական նվազում: Վերջին տվյալներով` Հայաստանում վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը չի գերազանցում 1%-ը։

Մեր երկրում արձանագրվող տնտեսական ցուցանիշների բարելավմամբ պայմանավորված` 2017 թվականին ավարտվում են ԳԱՎԻ-ի ծրագրերը։ Իմունականխարգելման ոլորտում արձանագրված ձեռքբերումների և ցուցանիշների կայունությունն ապահովելու համար դաշինքը Հայաստանին օժանդակում է անցումային դրամաշնորհային ծրագրով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում