Հասարակական

Էջմիածնում բացվել է պետական ծառայությունների մատուցման գրասենյակ

5 րոպեի ընթերցում

Էջմիածնում բացվել է պետական ծառայությունների մատուցման գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մասնակցությամբ պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործունեության մեկնարկը դեկտեմբերի 23-ին ազդարարվել է նաև քաղաք Էջմիածնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ էջմիածնեցիները և հարակից բնակավայրերի բնակիչները ևս պետական մի շարք փաստաթղթեր ստանալու համար ազատվեցին Երևան հասնելու անհրաժեշտությունից. փոխարենը նրանք կայցելեն «Հայփոստի» գրասենյակ` «ք.Էջմիածին, Մ.Մաշտոցի-2» կլրացնեն հայցվող փաստաթղթի համար անհրաժեշտ դիմումը և սահմանված ժամկետում կստանան պահանջված փաստաթուղթը:

Գրասենյակի գործարկման ընթացքում քաղաքացիներից մեկը տեղում ստացավ նախապես հայցված դատվածության և ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքները:

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնել է և կարճ ժամանակում կյանքի կոչել պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գաղափարը, որոնք արդեն գործում են Երևանում՝ «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6), Գառնի համայնքում գտնվող «Հայփոստ»-ի գրասենյակում, ինչպես նաև Գյումրի քաղաքի «Հայփոստ»-ի գրասենյակում (հասցե՝ Ռիժկովի 5)՝ այդպիսով պետական ծառայություններն ավելի հասանելի դարձնելով ՀՀ քաղաքացիներին:

Միասնական գրասենյակներում մատուցվում են հետևյալ ծառայությունները.

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝

  • Հասարակական կազմակերպությունների պետական գրանցում, պետական գրանցման մերժում
  • Հիմնադրամների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում
  • Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում
  • Փաստաթղթերի պատճենահանում և պատճենների տրամադրում
  • Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում
  • Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝

  • Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում
  • Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից մատուցվող ծառայություններ՝

  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների տրամադրում
  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում
  • Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
  • Փաստաթղթերի ապոստիլ (միջազգային վավերացում)

ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ՝

  • Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ՝

  • Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում
  • Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում
  • Մաշված, անըթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների տրամադրում
  • Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում

Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ գործարկվելու են նաև բոլոր մարզերի գյուղական համայնքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում