Նոտարական ոլորտի բարեփոխումներով քաղաքացիներն ավելի արագ կարող են օգտվել նոտարական ծառայությունից
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով տրվել է ոլորտի բարեփոխումների մեկնարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 22-ին ամփոփելով Արդարադատության նախարարության 2016 թվականի աշխատանքները, այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Առաջարկվող փոփոխությունները մի կողմից միտված են ապահովելու քաղաքացիների համար նոտարական ծառայությունների մատչելիությանը, իսկ մյուս կողմից ուղղված են բարձրացնելու նոտարի՝ որպես արդարադատության իրականացմանը նպաստող անձի դերը:
Ամրագրված իրավակարգավորումների շնորհիվ քաղաքացիները հնարավորություն կստանան առավել դյուրին, արագ և մատչելի եղանակով օգտվել նոտարական ծառայություններից: Այս առումով կարևոր նորամուծություններից է էլեկտրոնային նոտարական համակարգի միջոցով էլեկտրոնային ստորագրությամբ նոտարական գործողությունների կատարումը, ինչը կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը և կապահովի սպասարկման բարձր որակը: Արդյունքում քաղաքացիները, խնայելով իրենց ժամանակը, կարող են պարզ և մատչելի ձևով էլեկտրոնային համակարգի միջոցով օգտվել նոտարական գործողություններից և ծառայություններից»,- նշեց նախարարը:
Հովհաննիսյանը հայտնեց, որ ներդրվելու է նաև լիազորագրերի էլեկտրոնային շտեմարանը, ինչը կնպաստի լիազորագրերի կեղծման ռիսկի նվազեցմանը:
«Նախատեսվում է նաև պաշտպանված տիրույթում ներդնել կտակների էլեկտրոնային շտեմարանի և ժառանգական գործերի վարման բաժին, որը հնարավորություն կտա ապահովել ժառանգության գործընթացի անվտանգությունը: Համակարգը պետք է համակցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների բազայի հետ, որպեսզի անձի մահանալու և համապատասխան ժառանգության գործի բացման դեպքում հնարավոր լինի հստակ իմանալ կտակի առկայության մասին»,- նշեց նա:
Նախարարի խոսքով՝ նոտարական ծառայություններից օգտվող քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար, ի տարբերություն գործող կարգավորման, նախատեսվել է, որ նոտարը, անկախ ծառայության համար սահմանված համապատասխան վճարը վճարած անձանց խնդրանքից, պարտավորվում է նոտարական գործողություններ իրականացնելիս անձանց օգնություն ցույց տալու, նրանց իրավունքները և օրինական շահերը իրականացնելու նպատակով պարզաբանել նրանց իրավունքներն ու պարտականությունները, զգուշացնել նոտարական գործողությունների կատարման հետևանքների մասին, որպեսզի անձի իրավական անտեղյակությունը չօգտագործվի ի վնաս իրեն, ինչպես նաև կողմերին պարզաբանել նրանց ներկայացրած գործարքների նախագծերի իմաստն ու նշանակությունը և ստուգել դրանց բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը:
«Առաջարկվող փոփոխություններով ընդլայնվել են նոտարների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը, մասնավորապես՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում, կատարողական մակագրության կատարում և այլն, ինչի շնորհիվ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կստանան առավել արագ, առանց դատարան դիմելու հաստատել այս կամ այն փաստը: Ընդ որում, նոտարն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու է բացառապես իրեն ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Եթե ներկայացված փաստաթղթերից հստակ չերևա խնդրարկվող փաստը, կամ առավել ևս եթե վեճ լինի այդ փաստի վերաբերյալ, ապա նոտարը իրավասու չի լինի այդ փաստը հաստատել, այլ այն հատատման ենթակա կլինի միայն դատարանի կողմից»,- հավելեց Հովհաննիսյանը:
Վերականգնվել է նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը, մասնավորապես պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու պարտատիրոջ պահանջը կատարելու համար նոտարը տալիս է կատարողական մակագրության թերթ: Արփինե Հովհաննիսյանը փաստեց՝ արդյունքում նոտարը իրավասություն է ձեռք բերում ապահովել իր կողմից պատրաստված և հաստատված պայմանագրերի կատարումը՝ դրանք կողմերից որևէ մեկի կողմից խախտելու դեպքում տուժող կողմի պահանջով՝ տալով համապատասխան կատարողական որը և ենթակա կլինի հարկադիր կատարման:
«Առաջարկվող կարգավորումներով ներդրվել է անզգուշությամբ պատճառված վնասը հատուցելու պարտականությունը: Նոտարների պատասխանատվության ապահովագրության չափը մեծացվել է՝ սահմանելով յուրաքանչյուր տարի նոտարի կողմից մատուցած ծառայությունների համար գանձված վճարի կրկնակիի չափով, բայց ոչ պակաս 6 միլիոն ՀՀ դրամը: Բացի այդ, նախատեսվել է նաև ստեղծել պահուստային ֆոնդ, որը կերաշխավորի անձանց պատճառած վնասների փոխհատուցումը, եթե դրանք գերազանցեն ապահովագրական գումարի չափը: Այսինքն, նոտարի կողմից պատճառած վնասը միշտ ենթակա կլինի փոխհատուցման, քանի որ ներդրված մեխանիզմները գրեթե բացառում են անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում չփոխհատուցման հնարավորությունը: Նման կարգավորումներ նախատեսելով պետությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության անունից իրականացված գործողության հետևանքով պատճառված վնասի ամբողջական հատուցումը, ինչը բխում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2016թ. մայիսի 6-ին կայացրած արտահայտած դիրքորոշումից»,- եզրափակեց նախարարը: