Քրեակատարողական հիմնարկների բժշկական ամբողջ անձնակազմը կվերապատրաստվի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, այս նախագծով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութատեխնիկական պայմանների բարեփոխում:
«Այս նախագծով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկները ապահովել առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բարելավել բժշկական անձնակազմի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև բժշկական ծառայողների համար քրեակատարողական հիմնարկներում ստեղծել անկախության երաշխիք»,- նշեց Քրմոյանը և հավելեց, որ նախագծով նախատեսվում է նաև քրեակատարողական հիմնարկների բժշկական ամբողջ անձնակազմի վերապատրաստում:
Նա հայտնեց, որ նախագիծը ներկայացվել է շահագրգիռ մարմիններին՝ առաջարկություններ և դիտողություններ ստանալու նպատակով. «Ստացված առաջարկությունների հիման վրա նախագիծը լրամշակվել է և 2016 թվականի հոկտեմբերի 21-ին վերջնական տարբերակը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն»: