Քաղաքականություն

Արսեն Բաբայանը մանրամասներ է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագծի ընթացքի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Արսեն Բաբայանը մանրամասներ է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագծի ընթացքի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը որոշ մանրամասներ է ներկայացրել մայիսի 5-ին ՀՀ Կառավարությունում քննարկված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընթացքի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արսեն Բաբայանը համապատասխան գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Կառավարությունում այսօր քննարկվել է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորների ներկայացրած ՀՀ օրենքի նախագիծը: Այն դեպքերում, երբ օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովի պատգամավորներինն է, ապա նախագիծն ուղարկվում է ՀՀ կառավարություն՝ դրա մասին եզրակացություն ստանալու համար: Կառավարությունը քննարկում է պատգամավորների հեղինակած նախագիծն ու այդ մասին ընդունում որևէ եզրակացություն (տվյալ դեպքում ընդունված եզրակացությամբ հավանություն չի տրվել): Եզրակացությունն ընդունելուց հետո նույն եզրակացությունն ուղարկվում է Ազգային ժողով. ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ կառավարությունն ուղարկում է ոչ թե օրենքի նախագիծը, քանի որ կառավարությունը դրա հեղինակը չէ, այլ միայն իր եզրակացությունը:Իսկ օրենքի նախագիծն արդեն Ազգային ժողովում է, քանի որ դրա հեղինակները հենց Ազգային ժողովի պատգամավորներն են»,- գրել է Բաբայանը:

Նա հավելել է, որ նշված նախագծի հետագա ճակատագիրը որոշվում է «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքով, ըստ որի, նախագիծը պետք է 30-օրյա ժամկետում քննարկվի համապատասխան գլխադասային հանձնաժողովում (տվյալ դեպքում` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով), ընդունվի եզրակացություն, որից հետո տեղ գտնի ՀՀ ԱԺ լիագումար՝ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում: Կանոնակարգն Ազգային ժողովին թույլատրում է ընդունել երեք որոշումներից մեկը՝ ընդգրկել օրակարգ, հետաձգել, մերժել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում