Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բոլորս միասին և յուրաքանչյուրս մեր տեղերում կատարելու ենք հայրենիքի զինվորի սուրբ պարտականությունը. Սերժ Սարգսյան

Բոլորս միասին և յուրաքանչյուրս մեր տեղերում կատարելու ենք հայրենիքի զինվորի սուրբ 
պարտականությունը. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի կյանքը, իսկ Ադրբեջանում իրենց քաղաքական նկրտումներին հագուրդ տալու համար պատրաստ են մահվան բերան ուղարկել հարյուրավոր, հազարավոր զինվորների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար մի շարք զինծառայողների պարգևատրելուց հետո ունեցած ելույթում: «Նրանք իրենց զինվորներին այլ բան են սովորեցնում, նրանք հպարտանում են, երբ իրենց զինվորները սպանված հակառակորդի, այսինքն` մեր զինվորների ու սպաների, ականջներն են կտրում, նրանք դա նորմալ են համարում, երբ իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումների անդամները, լեզուս չի պտտվում զինվոր ասելու, կտրում են 90 տարեկան սպանված ծեր մարդկանց ականջները: Այդպիսի զինվորը չի կարող նորմալ զինվոր համարվել, այդպիսի դաստիարակությունը լավ տեղ տանել չի կարող: Դա ահաբեկիչներին հատուկ գործելաոճ է, իսկ ահաբեկիչ բառի հիմքում կա նաև ահաբեկել բառը, այսինքն` նրանք ուզում են մեզ ահաբեկել, ուզում են մեզ վախեցնել, ինչը, բնական է, նրանց չի հաջողվի: Մենք մի բանից ենք միայն վախենում՝ ապրել պատվազուրկ և անազատ: Մենք դա չենք կարող անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել  է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը հավելել է, որ հայ զինծառայողներտը հերթական անգամ ցույց են տվել  բոլորին, թե ով է հայ զինվորը, ով է Հայրենիքի զինվորը: «Երբ անհրաժեշտ է կռվել, դուք դառնում եք ամենակարգապահ, ամենահնարամիտ և ամենամարտունակ զինվորը: Տարիներ առաջ ես ասել եմ, որ եթե մենք պարտադրված լինենք պատերազմել, ապա այսօրվա զինվորն ու սպան կռվելու են ոչ պակաս քաջ, քան իրենց հայրերը, իրենց պապերը, իրենց ավագ ընկերները: Դուք ապացուցեցիք, որ շատ ավելի մարտունակ եք, շատ ավելի քաջ եք, շատ ավելի տոկուն եք: Ժամանակները փոխվում են, փոխվում են պատերազմելու միջոցները, բայց բարոյահոգեբանական որակները մնում են նույնը: Մնում են նույնը ու հաղթում են: Զինվորը հակառակորդին բան չունի ասելու. զինվորը հակառակորդին իր ասելիքն ասում է մարտի դաշտում, և փա՛ռք ձեզ, ի դեմս ձեզ՝ մեր բոլոր սպաներին ու զինվորներին, ովքեր կարողացան իրենց ասելիքն ասել»,- ասել է Նախագահը:

Նա նշել է, որ  այդ դաժան օրերին որևէ հայ զինվոր ու սպա չի լքել իր մարտական դիրքը, նվիրումով կռվել է մինչև վերջ: «Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով, կրակելով մինչև վերջին փամփուշտը և լինելով վիրավոր, նռնակ է պայթեցնում, որպեսզի իր հետ տանի նաև հակառակորդի զինվորներին: Ինչպես հնարամիտ չանվանես այն զինվորին, ով նռնականետից կրակում և ոչնչացնում է ուղղաթիռ: Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով մարտի ընթացքում շարքից հանում է հակառակորդի հինգ զրահամեքենա: Դուք լավ եք կատարել և լավ եք կատարում ձեր պարտականությունները: Ցավոք սրտի, պատերազմը շատ դաժան բան է: Բոլորը չէ, որ իրենց երկրային կյանքում տեսնում են իրենց աշխատանքի արդյունքը, իրենց վաստակի պտուղները, նաև թե իրենցով ինչպես են հպարտանում: Փա՛ռք մեր բոլոր զինվորներին և սպաներին, ովքեր ընկան այս օրերի ընթացքում ու նաև փա՛ռք նրանց, ովքեր այս 25 տարիների ընթացքում ընկել են մեր ազատության, մեր անկախության համար: Փա՛ռք ձեզ, Հայրենիքի զինվորներ, փա՛ռք մեր ընկածներին, փա՛ռք մեր զորքին: Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք բոլորս միասին, յուրաքանչյուրս մեր տեղում կատարելու ենք Հայրենիքի զինվորի պարտականությունները, իսկ այդ պարտականությունները սուրբ են: Անփորձանք ծառայություն, թեև պատերազմի ժամանակ այս բառերը մի տեսակ լուրջ չեն հնչում: Փա՛ռք ձեր ծնողներին, փա՛ռք այն ընտանիքներին, որտեղ դուք ծնվել ու դաստիարակվել եք, փա՛ռք ձեր ուսուցիչներին: Շնորհակալ եմ»,-եզրափակել  է Նախագահ Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am