Տնտեսություն

Հայաստանում օտարերկյա ներդրումների ծավալն ավելացել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանում օտարերկյա ներդրումների ծավալն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցնող տարում օտարերկյա ներդրումների ծավալն ավելացել է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականոթյան վարչության պետ Վահագն Լալայանը: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 296 մլն ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 մլն դոլարով: Հիմնական ներդրող երկրներն են` Շվեյցարիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Արգենտինա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ֆրանսիա և այլն: Նշված երկրներից ներդրումներն ուղղվել են տարբեր ոլորտներ` հիմնականում հանքագործական արդյունաբերություն, էներգետիկա, մշակվող արդյունաբերություն, մանրածախ և մեծածախ առևտուր, տեղեկատվություն և կապ, գյուղատնտեսություն:

«2015 թվականի ընթացքում առաջին անգամ ընդունվեց ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգը: Անկախության այս տարիների ընթացքում երբևիցե չի եղել ընդհանուր, համապարփակ մոտեցմամբ փաստաթուղթ և մենք այդ բացը լրացրեցինք: Ոչ միայն ընդունեցիք այդ հայեցակարագը` նշելով ուղղությունները, այլև սահմանեցինք կոնկրետ միջոցառումների ծրագիր: Նախատեսված է, մասնավորապես, բարելավել ներդրումային դաշտը և միջոցներ ձեռնարկել ներդրումները խթանելու համար»,-ասաց Վահագն Լալայանը:

Ընթացիկ տարում գործարկվել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին, կատարվել են մոտ 14 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և ստեղծվել են 20 նոր աշխատատեղեր: Շահագործման թույլտվություն ստացած ընկերությունների կողմից էլ կատարվելու են 17 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և ստեղծվելու են շուրջ 160 նոր աշխատատեղեր:

2015 թվականին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվության վկայական ստացել է 2 ընկերություն: Նրանց գործունեության ընթացքում ակնկալվում են մոտ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և 80 նոր աշխատատեղեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում