Տնտեսություն

Այս տարի Հայաստանում ցորենի արտադրության ծավալներն աճել են, գարու ծավալները` նվազել

2 րոպեի ընթերցում

 Այս տարի Հայաստանում ցորենի  արտադրության ծավալներն աճել են, գարու ծավալները` նվազել

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության շարունակական ծրագրերը տվել են իրենց արդյունքները: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները մեծացել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը:

«Յուրաքանչյուր տարվա բերքը ձևավորում է նախորդ տարվա ընթացքում կատարված աշնանացանով և գյուղատնտեսական մշակաբույսերի ագրոտեխնիկական միջոցառումների լայնամասշտաբ իրականացմամբ: Նախորդ տարվա համեմատությամբ, ցանքատարածությունների ցուցանիշներն ավելացել են շուրջ 8 հազար 725 հա. նախորդ տարի այս ցուցանիշը կազմել է 14 հազար 700 հա»,- ասաց նա :

Գալստյանը նշեց, որ հանրապետությունում առկա 446 հազար 700 հա վարելահողից օգտագործվել է 351 հազար 500 հա: Հացահատիկի և հացահատիկային ընդեղենի համախառն բերքի արտադրության ծավալները 2015 թ. կազմել են 630 հազար տ, որից ցորենը կազմել է 369 հազար տ: 2010-2015 թ. հացահատկիկ բերքի ծավալներն ավելացել են 304 հազար տոննայով:

« Ոլորտում հաջողություններ են արձանագրել հրապետության գրեթե բոլոր մարզերը: Տարվա ընթացքում որոշակի խնդրներ ունեցանք Սյունիք մարզի Սիսիանի տարածաշրջանում և Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջաններում գարնանացան գարու մշակաբույսերի հետ, որը պայմանավորված էր անձրևների, մթնոլորտային տեղումների սակավությամբ»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ գարու արտադրության ցուցանիշը 205 հազար տ փոխարեն կազմել է 201-202 հազար տ, ինչը որոշակիորեն զիջում էր նախորդ տարվա մակարադակին, իսկ բանջարեղենի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը՝ կազմելով` 1033.7 հազար տոննա` նախորդ տարվա 923.2 հազար տոննայի դիմաց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում