Հասարակական

«Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքը կոչվեց վիրաբույժ Վիկտոր Ափոյանի անունով

5 րոպեի ընթերցում

«Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքը կոչվեց վիրաբույժ Վիկտոր Ափոյանի անունով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վերաբացվել է նորոգված վիրաբուժական բաժանմունքը, որն անվանակոչվել է Հայաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, անվանի վիրաբույժ Վիկտոր Ափոյանի անունով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բաժանմունքի բացմանը հաջորդել է «Նշտարի հրաշագործ վարպետը» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև ցուցադրվել Վիկտոր Ափոյանի կյանքին և գործունեությանը նվիրված «Հուսո լույսը» ֆիլմը:

«Վերանորոգված բաժանմունքում հարմարավետ պայմաններ են ստեղծված հիվանդների բուժման և բուժանձնակազմի գործունեության համար»,- ներկայացնելով կատարված աշխատանքներն՝ ասել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը: Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման համար` ընդգծելով, որ մշտապես կարևոր է ավագ գործընկերների, ուսուցիչների մեծարումը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ որպես վիրաբույժ կայացման ճանապարհին իր համար մեծ պատիվ էր «Արմենիա» բժշկական կենտրոնում օր ու գիշեր աշխատել Ափոյանի նման պրոֆեսորի կողքին: Նախարարը հիշել է, որ մեծանուն վիրաբույժին բնորոշ էր խորհուրդ տալու բացառիկ կարողությունը, առանձնահատուկ էին նրա հաստատուն սկզբունքներն ու մարդկային տեսակը:

«Ակադեմիական գիտելիքներին, վիթխարի կլինիկական փորձի տեր խիզախ վիրաբույժ լինելով` նա երբեք չէր դադարում լինել նաև մարդ»,- շեշտել է ՀՀ առողջապահության նախարարը` հավելելով, որ Ափոյանը պատրաստակամ էր իր ողջ հեղինակությամբ պատասխանատվություն կրելու յուրաքանչյուր կրտսեր գործընկերոջ համար:

«Նա բացարձակ ազնվության տեր անձնավորություն էր, որ կարող էր վիրահատությունից հետո հայտնել վիրահատության ոչ դրական ելքի մասին, ինչը յուրաքանչյուր վիրաբույժի համար բավականին ծանր է»,- ասել է Արմեն Մուրադյանը` հույս հայտնելով, որ ուսուցչի և գիտնական-վիրաբույժի հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում:

«Նա ռիսկի էր գնում վիրահատելով անհույսներին, վիրահատում էր նրանց, ում ուրիշները գուցե հրաժարվեին վիրահատել: Նման բարձ ինտելեկտի մարդկանց և հանճարեղ բժիշկներին պատմությունը չի մոռանում»,- հիշելով ընկերոջն՝ ընդգծել է Հայաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ, ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լևոն Մկրտչյանը:

ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը պատմել է, որ աշխատել է Վիկտոր Ափոյանի հետ շուրջ երկու տասնամյակ: Նրա գնահատմամբ` Ափոյանին հաջողվել է նպաստել մեր երկրում վիրաբուժության զարգացմանը՝ ներդնելով նորարարական մոտեցումներ:

«Այն դպորցը, որն անցավ Ափոյանը մի շարք այլ անվանի վիրաբույժների հետ, դա Սուրեն Ավդալբեկյանի վիրաբուժական դպրոցն էր»,- ընդգծել է Սարուխանյանը:

Հայկական վիրաբուժության հիմնասյուներից մեկը` Վիկտոր Ափոյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: Վիկտոր Ափոյանը բժշկական կրթությունը ստացել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում:

Մոսկվայում իրականացրած գիտահետազոտական աշխատանքից հետո 1963թ. նրա բժշկական, գիտական, մանկավարժական գործունեությունն ամուր կապված է եղել վիրաբուժության հետ: 1963-1979թթ. աշխատել է Բժիշկների կատարելագործման ինստիտուտում` հասնելով պրոֆեսորի պաշտոնի: Իսկ այնուհետ, 1979-1998թթ. ղեկավարել է Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N2 ամբիոնը, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան։ 1998թ.-ից մինչ մահը եղել է այդ ամբիոնի պրոֆեսորը:

1973-1974թթ. Վիկտոր Ափոյանը Երևանի գլխավոր վիրաբույժն էր, և 1982-1984թթ.` Հայաստանի Հանրապետության գլխավոր վիրաբույժը:

Կոչումով բժիշկը մահացել է 2013 թվականի փետրվարի 18-ին՝ 83 տարեկանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում