Պաշտոնական

Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ-ի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ-ի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Ազգային ժողովի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը. դրանք թույլ են տալիս ուրվագծել ինտեգրման զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ քննարկել այն հրատապ հարցերը, որոնց մասնակից երկրներն առնչվում են գրեթե ամեն օր: Նա կարեւորել է նաեւ առկա մարտահրավերների համար համատեղ լուծումներ փնտրելու եւ գտնելու հնարավորությունը:

Խոսելով Եվրասիական տնտեսական միության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն մեծ հնարավորություններ է ընձեռում առեւտրատնտեսական ոլորտում միջպետական համագործակցության խորացման համար: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը, միանալով Եվրասիական տնտեսական միությանը, դարձավ մոտ 170 միլիոնանոց շուկայի մի մասը: Այս փաստը ներդրումների համար մեր երկրները դարձնում է գրավիչ:

Գալուստ Սահակյանն իր ելույթում նշել է նաեւ, որ ԵՏՄ կարեւորագույն ձեռքբերումներից է մաքսային արգելքների վերացումը, ինչը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս նվազեցնելու ֆինանսական ծախսերը եւ առեւտրային գործառույթների ժամկետները: Նա նշել է, որ պետք է ջանալ, որպեսզի եվրասիական ընդհանուր շուկան գործի ունիվերսալ, թափանցիկ եւ հասկանալի օրենսդրությամբ:

Գալուստ Սահակյանի խոսքով, առաջիկա տարիներին այս ուղղությամբ անելիքները շատ են եւ այդ ընթացքում պետք է առաջնորդվել ԵՏՄ պայմանագրով:

«Մեր կարծիքով, շատ կարեւոր է ապահովել ինտեգրացիոն միության թափանցիկությունը: Անկասկած, եվրասիական ինտեգրման գործընթացի հաջող եւ արդյունավետ զարգացման հիմնական պայմաններից մեկը համապատասխան իրավական դաշտի ստեղծումն է: Այս համատեքստում մեր երկրների խորհրդարանների հիմնական խնդիրը, կարծում եմ, տնտեսական համագործակցության գործընթացներին չմիջամտելն է: Մենք կարող ենք իրավական դաշտում վերացնել հնարավոր բացթողումները, ինչպես նաեւ բարելավել օրենսդրությունը՝ այն համահունչ դարձնելով միջազգային լավագույն փորձին: Դրա նպատակն է մեր երկրների կառավարությունների կողմից Եվրասիական տնտեսական միության գաղափարների իրականացումը»,- նշել է Գալուստ Սահակյանը:

Խորհրդարանի ղեկավարը, եզրափակելով իր ելույթը, հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում