Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Ականատեսը». Ապրելու ցանկությամբ. նրանք աշխարհին դեռ ասելիք ունեն

«Ականատեսը». Ապրելու ցանկությամբ. նրանք աշխարհին դեռ ասելիք ունեն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես հիվանդ չեմ»,-այս արտահայտությունն է շտապում բուժաշխատողներին ուղղել հետազոտվելու անգամ միտք չունեցող 102 -ամյա արաբկիրցի Արևալույս Ամալյանը: Նա մասնագետների անակնկալ այցից  ոչ միայն զարմանում, այլև զայրանում է: Հապճեպ հարևան սենյակ գնալով` վստահեցնում է, որ որևէ հիվանդություն չունի: Արևալույսը` «Արմենպրես»-ի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված, երկու տարվա պատմություն ունեցող «Ականատեսը» հատուկ նախագծի այն հերոսներից է, ում առողջական վիճակին առնչվող բոլոր հարցերը պետությունը վերցրել է իր հոգածության ներքո:

1915թ. Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին ՀՀ առողջապահության նախարարությունը կտրամադրի շարունակական բժշկական օգնություն և սպասարկում:

Ի տարբերություն 102-ամյա տարիքի համեմատ նախաձնելի առողջական տվյալներ ունեցող ականատես- վերապրողի, երևանաբնակ մյուս ականատեսները համալիր հետազոտություններ են անցել: Օրվա մեծ մասն անկողնում անցկացնող տարեցները  ընտանիքի անդամների խոսքով` ունեին այս ուշադրության կարիքը: Թեպետ շատերի մոտ շարունակում է օրակարգային մնալ խնամքի, սոցիալական աջակցության հարցը, սակայն բժշկական օգնության հոգսի թեթևացումը ևս կարևորներից է:   

«Մեկ պառկում եմ, մեկ վեր կենում, երբեմն ցավեր եմ ունենում»,- բուժաշխատողների հետ զրույցում նշում է 102-ամյա Սիլվարդ Ատաջյանը, ով կոնքազդրային հոդի բարդ վիրահատություն էր տարել այս տարվա փետրվարին: Հանձնաժողովային կարգով որոշում էր կայացվել աջակցել և պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում կատարել վիրահատությունը:  Մուսալեռցի կնոջ ցանկությունն է, որ  հաջորդ անգամ  այցի գալու ժամանակ իրեն տեսնեն սիրելի այգում, սեփական ձեռքերով խնամվող ծաղիկներով շրջապատված: Թոռների ու ծոռների թվում նա այժմ հատուկ սեր է տածում ծոռան` Մայքի հանդեպ, ով ավագ տատի ձեռքից շոկոլադ վերցնելու, ինչպես և նրան համբուրելու առաջարկը չի մերժում:  

«Որոշեց, որ կոտրված ոտքով ապրել չի կարող, պետք է անպայման վիրահատվի,  ոտքի կանգնի»,- պատմում է ականատեսի թոռնուհին` Նունե Ատաջյանը:

«Տատիկը ոտքի կկանգնի և տրամադրված է կանգնելու. ապրելու ցանկություն ունի»,- իր տպավորությամբ է կիսվում  «Արմենիա» բժշկական կենտրոնի սոնոգրաֆիայի բաժնի վարիչ Աիդա Սարխոշյանը: Երևանաբնակ  բոլոր ականատեսներին ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն կատարելով` նա նշում է, որ չնայած նրանց տարիքին` մեծ մասն առողջ է:

«Միայն մեկն ուներ հիշողության անկում, մյուսները նորմալ զրույցում էին մեզ հետ: Ես զարմացա, որ այդ տարիք տարեցներ կային, ում մոտ առկա չէր օրգանների որևէ  լուրջ պաթոլոգիա»,- ասում է երկարամյա աշխատանքային փորձ ունեցող բժշկուհին:

«Մենք անհատապես այցելում ենք յուրաքանչյուր ականատես-վերապրողի: Կատարված բժշկական հետազոտությունների հիման վրա ստեղծելու են նրանց  բժշկական անձնագրերը, ուր հավաքագրվելու են առողջության հետ կապված բոլոր տվյալները: Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում կգտնվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մարզերում` մարազային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը` հավելելով, որ առանձնացվել է հատուկ հեռախոսահամար, որը շուրջօրյա հասանելի է լինելու ականատես-վերապրողների առողջական խնդիրներին հրատապ լուծում տալու համար:  

 Համայցերը յուրահատուկ հետաքրքրություն են ներկայացնում նաև շտապօգնության թե՛ կրտսեր, թե՛  երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող բուժանձնակազմի համար, ովքեր իրենց մասնագիտական պարտականությունները կատարում են առանձնակի հոգատարությամբ:

Վանեցի Ահարոն Մանուկյանը ողջ կյանքում դեղ ընդունել չի սիրել:  Օրն անցկացնում է 90-ամյա կնոջ, ով նույնպես առողջական խնդիրներ ունի, ինչպես նաև իրեց խնամող աղջկա ընկերակցությամբ: Մարտին լրանում է նրա 101-ամյակը: Ծերունին, բժշկուհու հավաստմամբ, շատ երիտասարդներից էլ առողջ է:

103 տարեկան Անդրանիկ Մաթևոսյանին Սարի թաղի բնակիչները սովոր են տեսնել զբոսնելիս կամ շուկա գնալիս, այժմ տանից հավզադեպ է դուրս գալիս: Մի քանի ամիս առաջ նրա մոտ ախտորոշվել էր կատարակտ: Առաջիկայում կվիրահատվի նաև ձախ աչքը:  

Բժշկական օգնություն են ստացել նաև Հայոց ցեղասպանության ականատես վերապրողներ, 100 տարին բոլորած Նվարդ Սուջյանը, Ռոզա Խոնդկարյանը, Մայրամ Մեյմարյանը: Վերջինս չզլացավ բժիշկներին ցույց տալ իր յուրահատուկ պատմություն ունեցող «Նարեկը» և օրհնանքներ շռայլել:

Դեռ 2014թ մեկնակած 1915թ. Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին շարունակական բժշկական օգնության և սպասարկման ծրագիրը շարունակական է լինելու: Հայկական ակնաբուժական նախագծի և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից Երևանում և մարզերում վերոնշյալ սոցիալական խմբում ներգրավված անձինք կստանան անհրաժեշտ բժշկական օգնություն,  կապահովվեն դեղերով  և բժշկական պարագաներով:  

Հանրապետությունում ներկայում բնակվում են 30 ականատես-վերապրողներ. նրանցից ութը` Երեւանում: Մարզային ենթակայության առողջապահական պատասխանատուները կատարել են համայցեր` հավաքագրելով մարզաբնակ ականատեսների առողջական տվյալները: 

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները` Արթուր Գևորգյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am