Քաղաքականություն

Միջազգային կառույցների գնահատականներով Հայաստանում գրանցվել են էական դրական ձեռքբերումներ. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Միջազգային կառույցների գնահատականներով Հայաստանում գրանցվել են էական դրական ձեռքբերումներ. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 3-ին Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկկերի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրույցի ընթացքում անդրադարձ է արվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հունվարին կայացած Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցին նվիրված քննարկմանը և դրա վերաբերյալ ստացված գնահատականներին։

Նախարար Նալբանդյանը Յոախիմ Ռյուկկերին տեղեկացրել է, որ Հայաստանը՝ որպես մարդկության դեմ հանցագործությունների միջազգային հանրության պայքարի կարևոր դերակատար, Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի հաստատմանն է ներկայացնում «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ կարևոր է, որպեսզի ՄԱԿ-ի անդամ երկրներն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեն մարդկության դեմ նոր ոճիրների կանխարգելման միջազգային հավաքական ջանքերին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հաջորդ հանդիպումը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնի հետ է եղել։ Նախարար Նալբանդյանը և անձնակատար Ալ Հուսեյնը մտքեր են փոխանակել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված քայլերի վերաբերյալ։ Այս առումով նախարար Նալբանդյանը նշել է, որ միջազգային կառույցների գնահատականներով Հայաստանում գրանցվել են էական դրական ձեռքբերումներ՝ ժողովրդավարական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հավաքների, խոսքի, մամուլի, համացանցի ազատության և այլ ոլորտներում։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, հաստատելով, որ Հայաստանում զգալիորեն ամրապնդվել է ժողովրդավարությունը, հույս է հայտնել, որ կշարունակվեն քայլեր ձեռնարկվել այդ ուղղությամբ։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կարևորել է Հայաստանի հետևողական նախաձեռնություններն՝ ի նպաստ միջազգային հանրության՝ ցեղասպանության կանխարգելման ջանքերին։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում