ԵԺԿ-ում Ցեղասպանության բանաձևի ընդունումը կամրապնդի միջազգային ճանաչման քաղաքական դիրքերը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանը կարևորում է եվրոպական խոշորագույն քաղաքական ընտանիքի խոսքը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Մենք շատ ենք կարևորում, որ եվրոպական խոշորագույն քաղաքական ընտանիքը, ինչպիսին է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, իր կառավարման կարևորագույն մարմիններից մեկի շուրթերով ընդունի, ևս մեկ անգամ վերահաստատի և դատապարտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին բոլոր ոճրագործներին և համապատասխան կոչերով՝ նաև քաղաքական բնույթի, դիմի թուրքական իշխանություններին»,-ասաց նախարարը:
Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի օրակարգում է ներառվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը: «Այդ բանաձևը միասնական է, այն մշակվել է հայկական երեք՝ «Ժառանգություն», «Օրինաց երկիր» և Հանրապետական կուսակցությունների կողմից: Բանաձևի նախագիծը հիմա ձեզ չեմ ուզում տրամադրել, որովհետև այն դեռ պետք է քննարկվի և հետո ընդունվի: Բնական է, լրացուցիչ աշխատանքներ կլինեն բանաձևի վերջնական տեսքի և տեքստի վրա»,-նշեց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ բանաձևի ընդունումը թույլ կտա ամրապնդել քաղաքական դիրքերը ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:
«Նաև եվրոպական քաղաքական ինստիտուտներում խոշորագույն եվրոպական կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի վերահաստատման պարագայում, բնականաբար, ավելի մեծ դաշտ կբացի տարբեր խորհրդարանական և ոչ խորհրդարանական ձևաչափերով Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային խնդիրներին ուղղված միջոցառումների համար»,-հավելեց Արմեն Աշոտյանը:
Եվրոպական ժողովրդական կուսակցության մարտի 2-3-ը Բրյուսելում անցկացվելիք համաժողովին քննարկման է ներկայացված նաևՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Բանաձևը ներկայացվել է ԵԺԿ անդամ հայկական 3 կուսակցությունների` ՀՀԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի կողմից: