Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

ՀՅԴ 1921թ. փետրվարի 18-ին կացնահարված հայ գործիչների հիշատակին մոմավառություն էր կազմակերպել


ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցության  Կենտրոն համայնքի «Ռուբեն» կոմիտեությունը Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարակից այգում 1921թվականի փետրվարի 18-ին Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարված 21 հայ ազգային գործիչների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի մոտ կազմակերպել էր մոմավառություն:

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արթուր Ղազարյանը նշեց, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո այս միջոցառումը անցկացվում է ամեն տարի: « Մի կողմից` այս օրը հիշատակման օր է, և մենք հարգում ենք 1921 թվականի փետրվարի 18-ին կացնահարված 21 հայ ազգային գործիչների հիշատակը, մյուս կողմից`  այս տարիների ընթացքում պատմագրությունը փորձել է սղագրել այս իրադարձությունը: Սակայն, պատմության օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ 1921 թվականի Փետրվարյան հեղափոխությունը մեծ դեր է ունեցել հայ ժողովրդի համար, քանի որ դրանից հետո Խորհրդային Հայաստան եկավ հայասեր նոր ղեկավարությունըի դեմս Ալեքսանդր Մյասնիկյանի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում` ընդգծեց նա:

Նա նկատեց, որ մեր օրերում դեռևս կան պատմաբաններ, ովքեր բնութագրում են վերը նշված ապստամբությունը իբրև արկածախնդրություն: «Ես կարծում եմ, որ այսօր առկա է փետրվարի 18-ը պետականորեն նշելու պահանջը, քանի որ սա հիրավի համազգային հիշատակման օր է»,-հավելեց Արթուր Ղազարյանը:

1920 թվականի դեկտեմբերին Հայաստանի խորհրդայնացումից հետո ձերբակալվեցին   Հայաստանի Հանրապետության շուրջ 1000 պաշտոնյաներ` Սարդարապատի հերոսամարտի մասնակիցներ։ Նրանցից շատերն սպանվեցին, մյուսներն էլ ուղարվեցին Բաքվի և Ռուսաստանի բանտեր։ 

Հայաստանում ժողովրդական ապստամբությունն ընդգրկեց մի շարք շրջաններ։ Ժողովրդական զինված պայքարի գլուխ էին կանգնել նախկին խմբապետերը։ 1921 թվականի փետրվարի 16-18 ապստամբները մի շարք շրջաններում իշխանությունը վերցրին իրենց ձեռքը և մտան Երևան։ Նրանց օգնեց այն հանգամանքը, որ 11-րդ բանակի զորամասերը դուրս էին բերվել Հայաստանից՝ Վրաստանի խորհրդայնացմանը մասնակցելու համար։ Երևանում ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ:

Նահանջելուց առաջ` բոլշևիկները 1921թվականի փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը կացնահարեցին 21 հայ ազգային գործիչների` Համազասպ Սրվանձտյանին, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանին, ֆիդայիներ Սերգոյին, Մարկեդոնին, Գրիգորին և այլոց։

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ