Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը կհիմնանորոգվի 2015 թվականին
4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային ացով Շիրակի մարզում էր: Այցի շրջանակներում նախարարը այցելեց Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի մասնաճյուղի Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան, հանդիպեց թանգարանի աշխատակիցների հետ, ծանոթացավ մասնաճյուղում առկա խնդիրներն:
Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին, սակայն այսօր այն չի գործում՝ ունի հիմնանորոգման լուրջ խնդիր: Թեև կառույցը 2003 թվականին «Լինս»-ի հիմնադրամի միջոցներոցներով վերանորոգվեց, սակայն, տարածքի ստորգետնյա ջրերի պատճառով այն շատ շուտ կրկին անմխիթար վիճակում հայտնվեց՝ չնայած այս հանգամանքին, որ թանգարանի աշխատակիցներին հաջողվում է ոչ միայն պահել ու պահպանել այն արժեքավոր նյութը, որ ունի թանգարանը, այլ նաև թանգարանային ֆոնդը համալրել նորերով. այս պահին թանգարանն ունի ընդհանուր 3 հազար նմուշ, այդ թվում` քանդակագործի հետմահու ցուցադրվող30 դիմակ և 13 քանդակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Հարությունյանը, շենքի վերանորոգման նախագիծ կար դեռ 2013 թվականին, սակայն այդ աշխատանքները հետաձգվեցին:
ՀՀ մշակույթի նախարարին ու թանգարանի աշխատակիցներին թանգարանի հիմնախնդիրը լուծելու խոստում տվեց Շիրակի մարզպետը: Ֆելիքս Ցոլակյանը թանգարանում Հասմիկ Պողոսյանին տեղեկացրեց, որ թանգարանի հիմնանորոգման աշխատանքները կընդգրկվեն ՀՀ կառավարության Շիրակի մարզի հրատապ խնդիրների լուծման 2015 թվականի ծրագրում:
«Այս պահին թանգարանը վերանորոգելու հիմնաքարը դրվեց՝ 2015-ին այն կվերանորոոգվի և կգործի նորացված, բայց հինը չմոռացված ցուցադրությամբ»,- նշեց Սոնա Հարությունյանը՝ ավելացնելով, որ շենքը այս անգամ ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար կկիրառվի դրենաժային համակարգ:
«Հաջորդ տարի նախատեսել ենք վերանորոգել այս թանգարանը, որի համար կպահանջվի մոտ 45 մլն դրամ: Կստեղծվեն այն պայմանները, որ թանգարանը լիարժեք գործի, ինչը շատ կարևոր է»,- նշեց Շիրակի մարզպես ֆելիքս Ցոլակյանը:
«Շիրակի մարզպետը խոստացավ, որ կառույցի վերանորոգման աշխատանքները 2015 թվականին կընդգրկվեն մարզի հրատապ լուծում պահանջվեղ խնդիրների ծրագրում, և դա շատ կարևոր է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ թանգարանը անցած տարվանից ունի ոչ միայն իր հին մշտական ցուցադրությունը, այլ նաև արխիվային մեծ ցուցադրություն, որը թանգարանին նվիրաբերվել է Մերկուրովի ժառանգների կողմից: Կարծում եմ, որ այստեղ կտեղափոխվեն նաև աշխատանքներ այլ ֆոնդերից և թանգարաններից, և այս պարագայում, Երևանից կբերվեն մշակութային արժեքներ»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հասմիկ Պողոսյանը:
ՀՀ մշակույթ ի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Մերկուրովի թանգարանում մշակույթի ոլորտում ունեցած ներդրման ու զարգացման, ինչպես նաև երկարամյա արդյունավետ գործունեության համար ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով պարգևատրեց Ս. Մերկուրովի տուն-թանգարանի վարիչ Արշակ Մանուկյանին:
Արմենուհի Մխոյան