Տնտեսություն

ԵՄ-ն 170 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանում եւս 200 ծրագիր իրականացնելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ն 170 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանում եւս 200 ծրագիր իրականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա երեք տարվա համար Եվրամիությունը պատրաստել է Հայաստանի հետ համագործակցության ծրագիրն ու կազմել բյուջետային աջակցության վերաբերյալ փաստաթուղթը: 2014 -2017թթ. համար կազմված փաստաթղթում առկա ԵՄ նախաձեռնած ծրագրերին կավելանան եւս 200-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 20-ին «ԵՄ հաղորդակցության դասընթաց» քննարկման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի տնօրեն Հոաբին Աջեմյանը նշեց, որ այդ ծրագրերի իրականացման համար Եվրամիությունը կտրամադրի մինչեւ 170 միլիոն եվրո:

«Մենք ունենք ծրագրեր, որոնք վերաբերում են ՀՀ-ԵՄ առեւտրային համագործակցությանը: Անկախ հանգամանքից, որ ՀՀ-ն միացավ ԵՏՄ-ին, հայկական ապրանքները կշարունակեն արտոնյալ կերպով մուտք գործել եվրոպական շուկա` պայմանով, որ իրականացվեն եւ պահպանվեն ԵՄ քսանյոթ ստանդարտներն ու համաձայնագրերը»,- ասաց Աջեմյանը:

Այս տարի ԵՄ-ն Հայաստանի կառավարությանը կտրամադրի 26 միլիոն եվրո արդարադատության, կրթության, գյուղատնտեսության եւ մարդու իրավունքների բնագավառում կատարվելիք բարեփոխումների համար: «Բարեփոխումներն ուղղված են հայ հասարակությանը եւ հայ քաղաքացուն: Ընդհանրապես բարեփոխումներն այնքան համալիր են, որ քաղաքացու համար դրանք երբեմն դժվար ընկալելի են: Տարեվերջին, երբ մենք հանդես գանք հաշվետվությամբ, կփաստենք, որ արդարադատության ոլորտում բարեփոխման առումով կա առաջընթաց եւ ԵՄ-ն պատրաստ է շարունակելու այդ ուղղությամբ աշխատանքները»,- ասաց Աջեմյանը` հավելելով, որ ԵՄ-ն բյուջետային աջակցություն տրամադրում է` նպատակ ունենալով ձեւավորել միջավայր, որտեղ առկա է բարեկեցություն:

«Բյուջետային աջակցության նոր ծրագրում կրկին ուշադրության կենտրոնում է քաղաքացիական ծառայությունն ու ՏԻՄ ոլորտը: Քաղծառայության ոլորտում աջակցության վաթսուն ծրագիր կա: Նույնն է նաեւ քաղաքացիական հասարակության առումով, քանի որ այդ ոլորտը շարունակում է մնալ մեր հարաբերությունների եւ հաղորդակցության առանցքում: Աջակցություն տրամադրվում է նաեւ ՏԻՄ-երին: Մեր ուշադրության կենտրոնում է զբոսաշրջության զարգացմանն ուղղված ռազմավարության աջակցությունը, գենդերային անհավասարությունների եւ բռնությունների ոլորտում նույնպես աշխատանք կա կատարելու, եւ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԱԺ-ին ընտանեկան բռնության դեմ համապատասխան օրենքի ընդունման հարցում»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանին մեկ բնակչի առումով երեք անգամ ավելի շատ գումար է հատկացվում, քան Ուկրաինային:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում