Մշակույթ

Հրանուշ Հակոբյանը հավաստագրեր է հանձնել «Դուդուկի փառատոն»-ի մասնակիցներին

4 րոպեի ընթերցում

Հրանուշ Հակոբյանը հավաստագրեր է հանձնել «Դուդուկի փառատոն»-ի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Դուդուկի փառատոնի» շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել հանդիսավոր համերգ, որը սկսվել է Ռիտա Շառոյանի «Հայկական դուդուկ» վավերագրական ֆիլմից դրվագվների ցուցադրությամբ: Համերգին ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը, երաժիշտներ, մտավորականներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Դուդուկի փառատոնը» «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում տեղի է ունենում երկրորդ անգամ: Աշխարհի 5 երկրից Հայաստան են ժամանել 12 դուդուկահարներ: Մակար Եկմալյանի «Ամեն, Հայր սուրբ» կատարումով հանդես է եկել ՀՀ վաստակավոր արտիստ, «Դուդուկի փառատոնի» գեղարվեստական ղեկավար Գևորգ Դաբաղյանը: Փառատոնի մասնակիցներին և հանդիսատեսին ողջունել է նաև Ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի ղեկավարությամբ

Փառատոնին մասնակցում են նաև օտարազգի երաժիշտներ՝ Սանկտ Պետերբուրգում բնակվող ազգությամբ կորեացի Վալերի Նամը, գերմանացի երաժիշտներ Սյորեն Բիրկեն, Սիմոն Պաուլին, Դիրկ Միխայիլիսը: Կատարումներով են հանդես եկել նաև փառատոնի մյուս մասնակիցները՝ երաժիշտ-դուդուկահարներ Արցախից և Սփյուռքից՝ Ռուսաստանի Ռոստով քաղաքից Յուրա Սարգսյանը, Արգիշտին՝ Սանկտ-Պետերբուրգից, Կալուգայից՝ Աշոտ Ղազարյանը, Ֆրանսիայից՝ Լևոն Չատիկյանը և Իլյիչ Վարդանյանը, Վրաստանից՝ Իվանե Մկրտչյանը և Արցախից՝ Նորայր Սահակյանը:

Ելույթ է ունեցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն է հայտնել փառատոնի մասնակիցներին և, մասնավորապես, նշել. «Դուք աշխարհի տարբեր երկրներում ձեր հայ ազգային երաժշտությունը հասցնում եք օտարին՝ մեր անզուգական ծիրանափողի լեզվով, դարձնելով նրանց հայ երաժշտության կրողներ: Դա է վկայում օտարազգի դուդուկահարների մասնակցությունը փառատոնին: Դուդուկը, փաստորեն, նաև սովորեցնում է հայերեն խոսել, վկան՝ գերմանացի երաժիշտ Սյորեն Բիրկեի հայերեն երգն ու շնորհավորական խոսքը»:

Այնուհետև նախարարը ողջունել է ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին և նշել, որ նրա շնորհիվ աշխարհը ճանաչեց դուդուկը և ընդունեց այն իբրև զուտ հայկական ազգային երաժշտական գործիք: «Այդ նրա շնորհիվ է, որ հայրենիքում և Սփյուռքում դուդուկը վերածվել է համաժողովրդական գործիքի, և 6 տարեկան հրաշամանուկը՝ Արմավիրից Գագիկ Ստեփանյանը, և Գավառի Գուրգեն Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցի մանկահասակ սաներն իրենց հասուն կատարումներով հավաստում են, որ դուդուկի հայերեն մեղեդին հնչելու է ընդմիշտ»,- նշել է Հրանուշ Հակոբյանը:

Վերջում նախարարը հավաստագրեր է հանձնել փառատոնի մասնակից դուդուկահարներին:

Փառատոնի գլխավոր հովանավորն է «Օրանժ-Արմենիա» ընկերությունը, հովանավորն է «Տաշիր Գրուպ» ընկերությունը, տեղեկատվական հովանավորներն են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, «Շանթ» և «Երկիր Մեդիա» հեռուստատեսությունները, Հայաստանի Հանրային ռադիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում