Հասարակական

Կիեւի հայերը արյուն են հանձնել ռազմական գործողություններից տուժած ուկրաինացիների համար

2 րոպեի ընթերցում

Կիեւի հայերը արյուն են հանձնել ռազմական գործողություններից տուժած ուկրաինացիների համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի հայ համայնքի ավելի քան 50 ներկայացուցիչ սեփական նախաձեռնությամբ արյուն է հանձնել այն ուկրաինացիների համար, ովքեր վիրավորվել են երկրում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետեւանքով: Ուկրաինահայերը արյուն հանձնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հոսպիտալում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը, լրագրողների հետ զրույցում Կիեւի հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ իրենք ցավում են երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար եւ ցանկանում են այս կերպ աջակցել ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորված իրենց ուկրաինացի եղբայրներին:

Սա միակ նախաձեռնությունը չէ, որով ուկրաինահայերը հանդես են եկել աջակցելու երկրի հարավում ապրող իրենց հայրենակիցներին: Ուկրաինայի հայերի միությունից հայտարարել են, որ ծրագրեր են մշակում Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բնակիչներին հումանիտար աջակցություն տրամադրելու համար: Այդ նպատակով Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Կիեում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Իվան Ուսիչենկոյին: Հանդիպմանը կողմերը քննարկել են մի շարք ծրագրային-աշխատանքային հարցեր, որոնց միջոցով հնարավոր կլինի հումանիտար օգնություն հասցնել երկրի արեւելք: Վիլեն Շատվորյանը տեղեկացրել է, որ մինչ այդ էլ Ուկրաինայի հայերի միությունը պարբերաբար տրամադրել է աջակցություն, սակայն առավել մասշտաբային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է ԿԽՄԿ-ի հետ համագործակցությունն ու որոշ հարցերում նրանց աջակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում