Քաղաքականություն

Միջազգային մամուլն արձանագրեց Ալիեւի պատերազմի հռետորաբանությունը. 1 ժամում 60-ից ավելի հակահայկական գրառում Թվիթերում

3 րոպեի ընթերցում

Միջազգային մամուլն արձանագրեց Ալիեւի պատերազմի հռետորաբանությունը. 1 ժամում 60-ից ավելի հակահայկական գրառում Թվիթերում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած միջազգային հանրության հստակ պահանջին` ԼՂ հիմնախնդիրը լուծել Հելսինկյան եզրափակիչ ակտիդրույթների համաձայն, որոնցից մեկը սահմանում է ուժի եւ ուժի սպառնալիքի բացառում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ռազմատենչ հռետորաբանությունը տեղափոխել սոցիալական մեդիայի հարթակ: Ընկճախտի եզրին գտնվող Ադրբեջանի նախագահն օգոստոսի 7-ին մեկ ժամում վաթսունից ավելի հակահայկական գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում` իր վրա հրավիրելով մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ողջ միջազգային լրատվական դաշտը ողողվել էր «Ալիևը թվիթերով պատերազմ է հայտարարում Հայաստանին» վերտառությամբ հոդվածներով:

Բրիտանական The Independent թերթը նշում է, որ իր խիստ ռազմատենչ գրառումներով նախագահը հասկացնել է տվել, որ իր երկիրը պատերազմի մեջ է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի համար: Ալիևը սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները` այդ տարածքը գրավելու համար:

Մեկ այլ հեղինակավոր բրիտանական The Guardian թերթը, անդրադառնալով ալիևյան գրառումներին, մեջբերել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը, որ «իրավիճակի սրացման և մարդկային կորուստների ողջ պատասխանատվությունը պաշտոնական Բաքվի վրա է, որը հրահրում է լարվածությունը առաջնագծում»:

Ավստրալական առաջատար news.com.au հեռարձակողը փաստում է` առաջին անգամ է, որ որևէ երկիր պատերազմ է հայտարարում Թվիթերի միջոցով: «Որոշ մարդիկ Թվիթերն օգտագործում են իրենց առօրյայից բողոքելու կամ հայտնելու համար, թե ինչ են կերել նախաճաշին, սակայն Ադրբեջանի նախագահը սոցիալական մեդիան օգտագործել է պատերազմ հայտարարելու համար»,- գրում է հեռարձակողը:

Արաբական Al Jazeera-ն Ալիևի գրառումները սադրող է անվանել, որը հրահրում է վերսկսված բախումները հայ-ադրբեջանական զորքերի միջև:

Հուլիսի 31-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով` 2014 թվականի անցած ամիսներին հակառակորդի կողմից զինադադարի խախտման շուրջ 18 հազար դեպք է գրանցվել, այնինչ` ամբողջ 2013 թվականին եղել էր միայն 13 հազար դեպք: Հակառակորդի կողմից եղել են նաև 26 հետախուզադիվերսիոն գործողություններ, որից 15 դեպքը տեղի է ունեցել հուլիսի 25-ից հետո ընկած ժամանակահատվածում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում