Քաղաքականություն

Ես կանեմ առավելագույնը Մալթայի և Հայաստանի գործակցությունն ընդլայնելու համար. նորանշանակ դեսպանը՝ ՀՀ նախագահին

2 րոպեի ընթերցում

Ես կանեմ առավելագույնը Մալթայի և Հայաստանի գործակցությունն ընդլայնելու համար. նորանշանակ դեսպանը՝ ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Միչելին (նստավայրը՝ Վալետա):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը հաջողություններ է մաղթել նրան նոր պաշտոնում: 

«Մենք շատ բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները: Նախորդ տարի նշեցինք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Միևնույն ժամանակ, մեր հարաբերությունների պատմությունը շատ վաղ անցյալ ունի, իսկ ներկա ժամանակաշրջանում մենք շարունակում ենք պահպանել և զարգացնել մեր ջերմ հարաբերությունները: Համոզված եմ, որ Ձեր նշանակումն իր նպաստը կբերի մեր հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման գործին»,- ասել է ՀՀ նախագահը:

Դեսպան Ջովաննի Միչելին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մասնավորապես նշել է. 

«Մեր հարաբերությունները գերազանցապես զարգանում են: Ես կանեմ առավելագույնը Մալթայի և Հայաստանի գործակցությունն ընդլայնելու համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցության առաջմղման վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել, քաղաքական, տնտեսական, մշակութային և տուրիստական ոլորտներում փոխգործակցության խթանման հեռանկարներին և հնարավորություններին:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների շուրջ:

Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի միանշանակ դիրքորոշումը՝ հասնել կայուն խաղաղության, որը հիմնված կլինի, երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, հարևանների հետ բարիդրացիության հիմնարար սկզբունքների վրա:
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում