ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերադասավորման փուլ է մտել, որն ավելի ներառական և ավելի ընդգրկուն է դառնալու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Հունիսի 12-ը ջրբաժան էր և դրանով մենք պայքարի վերադասավորման փուլ ենք մտել, որն ավելի ներառական և ավելի ընդգրկուն է դառնալու։
Բովանդակությունը մնալու է նույնը։ Մեր շարժումը եղել է ընդդեմ ստի։ Որքան այդ ստի ծավալը մեծանում է, այնքան մեր հայրենիքը փոքրանում է։ Շարժումը, պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով, ներքին, կազմակերպչական վերադասավորումներով, շուտով դրա ականատեսն ու մասնակիցը կլինեք»,-ասաց Գալստանյանը։
Շարժման առաջնորդի խոսքով՝ ոչ ոք ո՛չ նահանջելու, ո՛չ էլ որևէ ձևով պայքարից հրաժարվելու միտում ունի։
Գալստանյանը նաև հայտարարեց, որ իրենց պայքարի քաղաքական բաղադրիչը մնում է նույնը՝ գործող իշխանության հեռացումը։
«Փողոցային, հրապարակային պայքարը, բնականաբար, շարունակվելու է։ Այն ողջ Հայաստանով է տարածվելու։ Դետալներն այս պահին չեմ կարող ասել հասկանալի պատճառներով»,- եզրափակեց Գալստանյանը։