Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Հայաստանը «Գրքարվեստ» 11-րդ մրցույթից վերադարձել է ութ մրցանակով


ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Մինսկում անցկացված ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային ամենամյա մրցույթում այս տարի մեծ հաջողություններ է արձանագրել: Մեր երկիրը մրցանակաբաշխությանը ներկայացրել էր ինը գիրք, որոնցից ութն արժանացել են մրցանակի: «Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»`ռուսերեն թարգմանությամբ: «Մշակույթների երկխոսություն» անվանակարգում հաղթել է Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով…կոլաժ երկուսի համար» գործը: «Գիտություն և կրթություն» անվանակարգում առաջին մրցանակ է ստացել Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը: Լավագույն «Արվեստի գիրք» է դարձել Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը», իսկ «Տպագրված է համագործակցությունում»  անվանակարգում հաղթող է ճանաչվել Շմավոն Շմավոնյանի «Արարատ»-ը: Բացի այդ, մեկ գիրք արժանացել է երկրորդ մրցանակի, մեկ գիրք` նոմինանտի դիպլոմի և մեկ գիրք էլ` ժյուրիի հատուկ մրցանակին:

ՀՀ  մշակույթի փոխանախարար Ներսես Տեր-Վարդանյանը մայիսի 30-ին նվիրված մամլո ասուլիսի ընթացքում ընդգծեց, որ Հայաստանն ամեն տարի մասնակցել է «Գրքարվեստ» միջազգային մրցույթին: «Նախորդ տարիների համեմատ այս տարվա մրցանակները և ձեռքբերումները շատ են: 2010-ին և  2011-ին մենք մրցույթում ստացել ենք երեքական մրցանակ, 2012-ին` չորս, 2013-ին` վեց, իսկ 2014-ին արժանացել ենք ութ մրցանակի, որոնցից հինգն առաջին կարգի էին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծեց փոխարարը և շնորհավորեց բոլորին ու հատկապես հրատարակիչներին: Փոխնախարարը հույս հայտնեց, որ հետագայում ձեռքբերումները չեն նվազի:

«Մրցույթում մեր գրքերը և' արտաքինով, և' բովանդակությամբ զգալիորեն տարբերվում էին: Մերոնք աչքի են ընկնում բազմազանությամբ: Մենք դարերով գրքի հետ ենք գործ ունեցել: Շատ երկրներ իրենց գրքերը տպագրում են այլ երկրներում, իսկ մենք հիմնականում Հայաստանում ենք տպագրում»,-նշեց Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը`հավելելով, որ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին տարբեր երկների ներկայացուցիչներ:

Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գիրքը մրցույթի «Իմ երկիրը» անվանակարգում ստացել է հատուկ մրցանակ: Մովսիսյանը շատ ուրախ է մրցանակի համար: «Միջազգային շուկայում մեր գրքերը ներկայանալի են: Կասկած չկա, որ հայ գիրքը հայ ազգին ամենալավ բնութագրող կողմերից մեկն է: Շնորհակալություն եմ հայտնում ընթերցողներին և մրցույթի կազմակերպիչներին»,-նշեց Մովսիսյանը:

«Գրքարվեստ» միջազգային ամենամյա մրցույթը կազմակերպվում է 2004 թվականից ԱՊՀ երկրների պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության խորհրդի կողմից` Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Մայիսի 21-22-ը Մինսկում անցկացվել է ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ»  միջազգային 11-րդ մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է 9 պետություն`77 հրատարակչություններով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ