Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը անմոռուկ ծաղիկն է, կարգախոսը՝ «Հիշում եմ և պահանջում»


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մայիսի 26-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ սփյուռքի նախարարության հասարակության հետ կապերի վարչությունից, հավաք-հանդիպման մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Հավաք-հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, պետական հանձնաժողովի անդամ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը` վստահություն հայտնելով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընդգրկումները  տպավորիչ են լինելու: Մարտին կայացած տարածաշրջանային հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումից հետո հաստատվել են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդանիշը և կարգախոսը: Որպես խորհրդանիշ ընդունվել է անմոռուկ ծաղիկը, որը աշխարհի բոլոր լեզուներով թարգմանվում է՝ չմոռացվող: Կարգախոսն է՝ «Հիշում եմ և պահանջում»:

Ներկայացնելով նախարարության կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող աշխատանքները` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի նպատակն էր՝ թողնել մեկ հայ և այն էլ թանգարանում: «Հայերն այսօր ունեն երկու պետություն և օտար ափերում հիմնադրված ու հայանպաստ գործունեություն իրականացնող հայահոծ  հզոր համայնքներ»:

Նախարար Հ.Հակոբյանը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը վերջին 3 տարիներին Ցեղասպանության թեմայով կազմակերպել է 18 համաժողով և գիտաժողով, որոնց մասնակցել է շուրջ 3000 գիտնական, իրավաբան, փորձագետներ: «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում նախարարությունը կազմակերպել է Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականներին, գրողներին նվիրված միջոցառումներ Հայաստանում, Սփյուռքի տարբեր համայնքներում, «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի շրջանակներում մի քանի օր շարունակ Սփյուռքից ժամանած երգչախմբերն ու երաժշտախմբերը ներկայացրել են Կոմիտասի երգերը, կազմակերպել են Ցեղասպանության թեմայով շարադրությունների մրցույթներ, մրցանակաբաշխություններ, քայլեր են ձեռնարկվել Ցեղասպանության թեմայով բուհերում մագիստրոսական թեզերը պատրաստելու ուղղությամբ:

Ողջունելով հավաք-հանդիպման մասնակիցներին թանգարան-ինստիտուտի նորակառույց վարչական շենքում՝ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ շենքի ամբողջական գործարկումից հետո հնարավոր կլինի այցելուներին ներկայացնել 2,5 անգամ ավելի մեծ ցուցադրություն: Բացի այդ, թանգարան-ինստիտուտը հանդես կգա նոր՝ գիտաճանաչողական, կրթադաստիարակչական առաքելությամբ:

Հայկ Դեմոյանը կոչ արեց մասսայականացնել սկսված շարժումը, թանգարանի գիտական ֆոնդերի և նոր ցուցադրության համալրման համար թանգարան-ինստիտուտին նվիրատվության կարգով կամ պատճենահանման պայմանով տրամադրել Ցեղասպանությունից տուժածների ընտանեկան լուսանկարներ և փաստաթղթեր, վերապրողների հուշագրություններ և բանավոր պատմությունների ձայնագրություններ, ընտանեկան մասունքներ:

Զեկուցումներով հանդես եկան տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչները՝  Ֆրանսիայի հանձնախմբի ազգային պատասխանատու Ալեքսի Գովչյանը, Փարիզի Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ  Արա Թորանյանը, Ռումինիայի Հայոց միության նախագաh, սենատոր Վարուժան Ոսկանյանը,   Երուսաղեմի Հայոց պատրիարքության միաբան Հայր Կորյուն վրդ. Բաղդասարյանը, Բրազիլիայի հանձնախմբի նախագահ  Անդրե Կիսաջիքյանը, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի Կենտրոնական մարմնի ատենապետուհի Սեդա Խդըշյանը և այլք: Նրանք ներկայացրին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ տարածաշրջաններում իրականացված միջոցառումները և առաջիկա անելիքները:




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ