Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել հրադադարի համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել հրադադարի 
համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև 1994 թվականի հրադադարի վերաբերյալ համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորն ու Ջեյմս Ուորլիքը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Այդ համաձայնագիրը վերջ տվեց իսկական պատերազմին, դադարեցրեց նախորդ տարիների ողբերգական բռնությունը և հիմք դարձավ բանակցությունների համար, որոնք կողմերի համար առաջ քաշեցին խաղաղության ճանապարհը: Շնորհիվ ձեռք բերված հրադադարի` հայերի եւ ադրբեջանցիների նոր սերունդը մեծացավ` առանց իմանալու պատերազմի սարսափները: Կողմերը պետք է անեն ամեն հնարավորը` ապագա սերուդներին նման փորձառությունից փրկելու համար:

Հրադադարի մասին համաձայնագիրը, այդուհանդերձ, չլուծեց խորքային հակամարտությունը: Այն շարունակեց Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները պահել գրավյալ վիճակում և ձախողվեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու գործում: Վերջնական լուծման բացակայությունը հանգեցրեց հարյուր հազարավոր մարդկանց տեղահանման շարունակությանը, միջազգային սահմանների երկայնքով և շփման գծում բռնության սրացման սպառնալիքին, ինչպես նաև որոշ շրջանակներում այն թյուրըմբռնման, որ ստատուս- քվոն կարող է անորոշ ժամանակով երկարաձգվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշվում է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարության հեղինակները նշել են, որ կողմերը փոքր պատրաստակամություն են դրսևորել օգտվելու համանախագահ երկրների կողմից առաջ քաշված հնարավորություններից կամ քաղաքական որոշումներից, որոնք անհրաժեշտ են խաղաղության գործընթացում առաջընթացի համար: Նրանք ընդգծել են, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ ունեն միասնական դիրքորոշում և հավատարիմ են կողմերին օգնելու հարցում հնարավորինս շուտ լուծման հասնելու համար` հիմնված ՄԱԿ կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա` մասնավորապես այն դրույթների, որոնք վերաբերում են բռնի ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, հավասար իրավունքներին ու ժողովուրդների ինքորոշման սկզբունքին: Համանախագահներն ընդգծել են, որ կարգավորումը պետք է ներառի համանախագահ երկրների նախագահների` 2009-2013 թվականներին արած հայտարարությունների մեջ ներառված տարրերը, որոնք ենթադրում են Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ` երաշխավորելով անվտանգությունն ու ինքնակառավարումը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ, որը կորոշվի ապագայում` իրավական ուժ ունեցող ազատ կամքի արտահայտման շնորհիվ, բոլոր տեղահանվածների և փախստականների վերադարձ, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխավորներ` ներառյալ խաղաղապահ գործողությունները: «Նոյեմբերին մենք տեսանք ամենաբարձր մակարդակներում երկխոսության խոստումնալից նորացում: Մենք կողմերին կոչ ենք անում սկսել կառուցողական, բարեխիղճ բանակցություններ, որոնք կհանգեցնեն այս տարրերի վրա հիմնված խաղաղության համաձայնագրի` հակամարտության տևական կարգավորման նպատակով: Նման կարգավորումն անհնար կլինի առանց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության ու ըմբռնման հիմքի: Մենք կողմերին կոչ ենք անում ակտիվորեն հանձն առնել ժողովուրնդերի միջև ծրագրերի և անվտանգության ու վստահության ամրապնդմանը նպաստող գործընթացները` խաղաղության գործընթացն ամրապնդելու համար:

Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղության և անվտանգության պայմաններում, և մենք պատրաստ ենք օգնել նրանց: Կողմերը պետք է անհրաժեշտ քայլերը ձեռնարկեն խաղաղության համար: Երբ նրանք դա անեն, դա կլինի ԵԱՀԿ և միջազգային հանրության լիակատար աջակցությամբ»,- ասվում է հայտարարության վերջում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am