Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դեսպան Գագիկ Ղալաչյանը հարցազրույց է տվել սերբական «Սվեդոկ» շաբաթաթերթին

Դեսպան Գագիկ Ղալաչյանը հարցազրույց է տվել սերբական «Սվեդոկ» 
շաբաթաթերթին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հարցազրույց է տվել սերբական «Սվեդոկ» շաբաթաթերթին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, խոսելով հայ-սերբական հարաբերություններից` դեսպան Ղալաչյանը նշել է, որ ավանդաբար և պատմականորեն հայ և սերբ ժողովուրդների միջև հարաբերությունները մշտապես եղել են ջերմ և բարեկամական: Սերբիայում ապրող հայերի մասին առաջին հիշատակումները թվագրվում են 10-12-րդ դարերին: Վիտովնիցայում գտնվող Սրբագույն մոր համբարձման եկեղեցում 1218թ.-ից մինչ օրս պահպանվում է  երկլեզու արձանագրությունը՝ հին սերբերենով և հայերենով:

Հայերի թիվը Սերբիայում զգալիորեն աճեց Օսմանյան տիրապետության ժամանակ` բերելով համայնքային կառույցների (եկեղեցիներ, դպրոցներ) միավորմանը Բելգրադում և Նովի Սադում: Հայերից մեկը, ով առավել հայտնի է Սերբիայում, քան իր հայրենիքում, Վարդգես Բարոնիջանն է` հանրահայտ հայրենասիրական երգի` «Востани Сербије»-ի երաժշտության հեղինակներից մեկը:

Այսօր Սերբիայում մոտ 250 հայ է ապրում, և նրանց մեծ մասը բնակվում է Բելգրադում: Զեմունում «Գաբրիել հրեշտակապետ» սերբական ուղղափառ եկեղեցու մոտ գտնվող խաչքարը երկու իրադարձություն է խորհրդանշում: Առաջինը Կոսովոյի ճակատամարտն է, որտեղ հայ և սերբ զինվորները ուս ուսի տված կռվում էին Օսմանյան զորքերի դեմ: Երկրորդ իրադարձությունը սերբ օդաչուների հիշատակն է, ովքեր զոհվեցին ավիավթարում, երբ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Հայաստան 1988թ. երկրաշարժից հետո: Ինչպես այս հակիրճ անդրադարձը ցույց է տալիս, դարերի ընթացքում երկու ժողովուրդները կիսել են ընդհանուր ճակատագիրը և արժեքները` այդպիսով ամուր հիմք ձևավորելով ժամանակակից ձևաչափերով ապագա համագործակցության համար:

Երկու անկախ երկրների միջև պետական հարաբերությունները թվագրվում են 1993 թվականին, երբ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Հաջորդող տարիներն արձանագրեցին զարգացման բավական դրական դինամիկա` շեշտված բարձր մակարդակի փոխայցելություններով: 2009թ. Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը պաշտոնական այցով եղավ Հայաստանում: 2010թ. Սերբիայի արտգործնախարար Վուկ Յերեմիչը հյուրընկալվեց Հայաստանում, իսկ 2011թ. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով եղավ Բելգրադում:  2012թ. Բելգրադում բացվեց Հայաստանի հյուպատոսությունը, որտեղ տեղի ունեցավ առաջին ընդունելությունը՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ: Արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի՝ վերջերս Երևան տեղի ունեցած այցը (2014թ. մարտին) ընդլայնեց գոյություն ունեցող իրավական համագործակցության շրջանակները, երբ երկու կառավարությունների միջև ստորագրվեց «Կրկնակի հարկերից խուսափելու մասին» համաձայնագիրը: Հայ և սերբ գործարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները համախմբվեցին բիզնես ֆորումի շրջանակներում՝ բացահայտելու տնտեսական համագործակցության ներուժը: Առևտրատնտեսական համագործակցությանը և ներդրումների փախադարձ պաշտպանությանը վերաբերող  ևս երկու համաձայնագիր է նախագծվել, որոնք  ներկայումս գտնվում են բանակցությունների փուլում:

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակում Հայաստանի կարողություններին` դեսպան Ղալաչյանը նշել է, որ, դժբախտաբար, պատմության ընթացքում մեր տարածաշրջանը բազմիցս եղել է կործանիչ պատերազմների, բաժանումների և ըմբոստությունների բեմահարթակ: Հայաստանը, լինելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, միշտ  կռվախնձոր է եղել տարբեր կայսրությունների, թագավորությունների և պետությունների միջև:

Մեր երկու անմիջական հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ մենք բարեկամական հարաբերություններ ունենք և ակտիվորեն համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում: Արևմուտքում գտնվող հարևանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները լարված են, չնայած Հայաստանի՝ դրանց առանց նախապայամնների կարգավորելու  հաստատուն հանձնառությանը: Թեև Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991թ., սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել:  1993թ. Թուրքիան փակեց օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ՝ սատարելով Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ մտած Ադրբեջանին: 1991թ.-ից մինչև վերջին տարիները փորձեր են արվել  երկկողմանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որոնք սակայն անհաջողության են մատնվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

Ադրբեջանն իր հերթին, որպես Հայաստանի հետ դիվանագիտական և բարեկամական հարաբերությունների հաստատման նախապայման, առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը: Ներկայումս հարցի լուծման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան: Համանախագահների կողմից առաջարկված խնդրի լուծման տարբերակները մերժվել են Ադրբեջանի կողմից: Բանակցությունները հիմնված են Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք 2007թ. առաջարկվել են համանախագահների կողմից և ենթադրում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում՝ իր ժողովրդի՝ օրենքով սահմանված կամարտահայտման հիման վրա:

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին` դեսպան Ղալաչյանը նկատել է, որ խելամիտ կլիներ նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գրեթե ոչ մի հարաբերություններ չկան: Ցանկացած բանակցային գործընթացում կարևոր է վստահություն կառուցելու երկկողմանի հանձնառությունը: Չնայած միջազգային հանրության և ԵԱՀԿ միջնորդների կողմից վերջին տասնամյակում  այս ուղղությամբ գործադրած ջանքներին՝ Ադրբեջանը հրաժարվում է և խախտում ուժի չկիրառման մասին դրույթները, պետական մակարդակով սատարում է Հայաստանի նկատմամբ ատելությունը, չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993թ. ընդունված որոշման դրույթները՝ շփման գծում պարբերաբար նախաձեռնելով զինադադարի խախտումներ և կիրառելով սադրանքներ:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` դեսպանն ասել է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը եղել է և կմնա Հայաստանի քաղաքական օրակարգում: Այսպիսի վերքերը երբեք չեն բուժվում: Ավելին, քանի դեռ գոյություն ունեն ճչանաչված ցեղասպանություններ, որոնք պատշաճ կերպով չեն դատապարտվել, դրանք կանաչ լույս են հանդիսանում հետագա ոճիրների իրագործման համար:  Թուրքիային հնարավորություն էր տրվել կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները առանց որևէ նախապայմանի, սակայն նա ձախողեց այդ հնարավորությունը: 2009թ. հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այնքան ջերմորեն ընդունվեցին միջազգային հանրության կողմից և որակվեցին որպես «պատմական», պետք է նախագծեին հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման ճանապարհային քարտեզը: Սակայն դրանց վիճակված է մնալ թղթի վրա, քանի որ Թուրքիան որդեգրել է արձանագրությունները այլ խնդիրներից կախվածության մեջ պահելու մոտեցումը:

Խոսելով Սերբիայում Հայաստանի դեսպանության բացակայության մասին` դեսպան Ղալաչյանը նշել է. «Սերբիան Հայաստանում դեսպանություն չունի և հակառակը: Ձեր երկիրը Հայաստանում ևս ներկայացված է Աթենքում իր դեսպանության միջոցով: Մենք մշտապես սերտ կապերի մեջ ենք մեր սերբ գործընկերների հետ և արդյունավետ կերպով համագործակցում ենք: Մեր երկու երկրների միջև վերջին դրական արգացումների լույսի ներքո և բիզնես և այլ կապերի հետագա զարգացման նպատակով հույս ունենք, որ Հայաստանի և Սերբիայի մայրաքաղաքներում տեղակայված փոխադարձ դեսպանություններ ունենալու հեռանկարը մոտ ապագայում կյանքի կկոչվի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]