Հասարակական

Տարոն Մարգարյանը Հայաստանի եզդիական համայնքին շնորհավորել է Նոր տարվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Տարոն Մարգարյանը Հայաստանի եզդիական համայնքին շնորհավորել է Նոր տարվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին` Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, իսրտե շնորհավորում եմ ձեզ եզդիների Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի և այդ ողջ ընթացքում երկուստեք բազում առիթներ ենք ունեցել համոզվելու, որ այն իսկապես անկեղծ ու անշահախնդիր է: Մեր երկիրը հայաստանաբնակ եզդիների համար իրապես հարազատ տուն է և այդ տեսանկյունից բնավ զարմանալի չէ, որ աշխարհի եզդիները ևս անմասն չեն մնում Հայաստանի, այդ թվում նաև քաղաքամայր Երևանի շենացման ու հզորացման գործում իրենց ներդրումն ունենալու հարցում:

Թե՛ փորձության և թե՛ ուրախության պահին հայերն ու եզդիները մշտապես եղել են կողք կողքի, ինչը գնահատվել ու գնահատվելու է ըստ արժանավույն: Դրա վառ օրինակն է նաև Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության կազմում եզդի համայնքի ներկայացուցչի առկայությունը, ինչը լավագույնս փաստում է, որ եզդիները լիարժեք ինտեգրված են նաև մեր հասարակությանը հուզող խնդիրների կարգավորման ուղղությամբ որոշումների կայացման գործում:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Մալաքե Թաուսի կապակցությամբ` մաղթում եմ ձեզ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և երջանկություն ու բարեկեցություն ձեր ընտանիքներում»:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում