Մշակույթ

Հռչակավոր դիրիժոր Յաստուս Ֆրանցի կարծիքով` Հայաստանը պետք է հպարտանա է Ֆիլհարմոնիկ նվագախմբով

6 րոպեի ընթերցում

Հռչակավոր դիրիժոր Յաստուս Ֆրանցի կարծիքով` Հայաստանը պետք է հպարտանա է Ֆիլհարմոնիկ նվագախմբով

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ապրիլի 11-ին համերգով հանդես կգա աշխարհահռչակ դիրիժոր Յաստուս Ֆրանցի ղեկավարությամբ: Անվանի երաժիշտը Երևանում հանդես կգա առաջին անգամ. նրա հայաստանյան այցը նշանակալից է` հատկապես հաշվի անելով 1988 թվականին նրա կողմից նախաձեռնած մեծամասշտաբ բարեգործական ծրագրերը` ի օգնություն Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածների. Յուստուստ Ֆրանցը մի քանի օրում ձեռնամուխ է եղել Գերմանիայում հատուկ համերգաշարի իրականացմանը և գոյացած շուրջ 100 հազար գերմանական մարկի չափով հասույթը փոխանցել Հայաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 10-ին հրավիրած ասուլիսում Ֆրանցը խոստովանեց, որ Հայաստանի մասին շատ է լսել նաև Արամ Խաչատրյանի հետ ծանոթության արդյունքում: Նա նշեց, որ երկրաշարժի ժամանակ Հայաստանին օգնության ձեռք մեկնելու գաղափարը պայմանավորված էր առաջին հերթին մարդասիրությամբ:

«Երաժշտությունը միայն ուրախության և զվարճանքի համար չէ, այլ փնտրտուքի, կյանքի իամստը հասկանալու ճանապարհ է»,- պարզաբանեց դիրիժորը:

Նա նշեց, որ հայկական մշակույթի հանդեպ հատուկ վերաբերմունք ունի և ունի Գերմանիայում հայկական մշակույթը ներկայացնելու ծրագրեր: Անդրադառնալով իր և ՀՊՖՆ-ի համագործակցությանը` Ֆրանցը ընդգծեց, որ նման նվագախումբ ունենալու համար պետք է հպարտանալ:

«Ակնկալիքներն այդքան մեծ չէին, սակայն ես հիացած եմ, պետք է իրականում չափազանց հպարտ լինենք, որ նման նվագախումբ ունեք»,- կարծիք հայտնեց երաժիշտը: Խոսելով նվագախմբի երաժշտական ողղվածության մասին` նա ասաց, որ նվագախմբում ռուսական դպրոցը բավականին ուժեղ է զգացվում:

Պատասխանելով այն հարցին, որ ղեկավարելով Ազգերի նվագախումը, ինքը երբևէ հանդիպել է երաժիշտների միջև ազգամիջյան կոնֆլիկտերի, նա պատմեց, որ ընդամենը մեկ անգամ է եղել, երբ հայ և ադրբեջանցի երկու երաժիշտ վիճել են միմյանց հետ, սակայն ինքն էլ նպաստել է, որ խնդիրը լուծվի:

«Արվեստի մարդիկ չպետք է անեն այն, ինչ անում են քաղաքական գործիչները»,- ավելացրեց Ֆրանցը:

Կայանալիք համերգային ծրագրում ներկայացվելու են Բրամսի և Գրիգի ստեղծագործությունները:

«Բրամսի առաջին սիմֆոնիան լավատեսական է. մութ ամպերը բացվում են, և մենք տեսնում ենք Արարատը»,- կատակեց երաժիշտը` շեշտելով համաշխարհային երաժշտության մեջ ազգանունը «Բ» տառով սկսվող երեք մեծանուն երաժիշտների Բախի, Բեթհովինի, Բրամսի կարևորությանը:

երևանյան համերգին որպես հրավիրյալ մենակատար հանդես կգա ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆը, ով նշեց, որ ուրախ է Յուստուս Ֆրանցի հետ համագործակցության համար: Նա հայկական երաժշտությանը ծանոթացել է Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների շնորհիվ:

Ֆրանցի երաժշտական գործակալը և միաժամանակ կինը` Քսենիա Դուբրովսկայան, ավելացրեց, որ մեծ հաջողություն է, որ մաեստրոն, հագեցած աշխատանքային օրակարգ ունենալով, կարողացել է ելույթ ունենալ նաև Հայաստանում:

«Եթե իր քարտուղարը ինձ չասեր, ապա ես երևի թե չէի իմանա այն օգնության մասին, որը նա կատարել է Հայաստանի համար. սա խոսում է իր համեստության մասին: Մաեստրոն մշտապես պատրաստ է բաց սրտով և իր ուժերի չափով օգնել բոլորին»,- ասաց Դուբրովսկայան:

Ավելի քան 40 տարի Յուստուս Ֆրանցը համաշխարհային հռչակ է վայելում և որպես դիրիժոր, և որպես դաշնակահար` հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր սրահներում` կարևորագույն նվագախմբերի և երաժիշտների հետ: Ֆրանցը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1970 թվականին, երբ որպես դաշնակահար հանդես եկավ դարի մեծագուն դիրժորներից մեկի` Հերբերտ ֆոն Կարայանի ղեկավարությամբ, Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ: Մի քանի տարի անց Ֆրանցը հանդես եկավ Նյու Յորքի ֆիլհարմոնիկի հետ` լեգենդար Լեոնարդ Բերնսթայնի ղեկավարությամբ, ինչն էլ հիմք դրեց այդ երկու արվեստագետների երկարամյա համագործակցությանը` դարձնելով Ֆրանցին, իր իսկ խոսքերով ասած. Բերնսթայնի գաղափարների կրողը և շարունակողը: Արվեստային այս համագործակցության կարևորագույն արդյունքը եղել է նրանց երկուսի համատեղ երազանքի իրականացումը` Ազգերի նվագախմբի հիմնադրումը (Philharmonia of the Nations), որի գլխավոր դիրիժորը հենց Ֆրանցն է:

Աշխարհի կարևորագույն բեմահարթակներում և նվագախմբերի հետ հանդես գալուն զուգահեռ, Յաստուս Ֆրանցը նաև ծավալուն գործունեություն է իրականացնում երիտասարդ տաղանդների հայտնաբերման և առաջխաղացման ուղղությամբ: Նրա հիմնադրած Schleswig –Holstein Music Festival աշխարհահռչակ փառատոնը հաջողության ուղի է հարթել մերօրյա դասական բեմահարթակի այնպիսի անունների համար, ինչպիսիք են Մաքսիմ Վենգերովը, Եվգենի Կիսինը, Վադիմ Ռեպինը, այլք: Ֆրանցը նաև ակտիվորեն աշխատում է դասական երաժշտության հանրահռչակման և առաջխաղացման ուղղությամբ. մասնավորապես, գերմանախոս աշխարհում մեծ հեղինակություն է վայելում դասական երաժշտության վերաբերյալ նրա հեղինակած«Achtung! Klassik» հեռուստատեսային հաղորդաշար-շոուն, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում