Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ԵԱՀԿ գործող նախագահը խորապես անհանգստացած է ԼՂ հակամարտության հրադադարի դյուրաբեկությամբ. բացառիկ հարցազրույց

ԵԱՀԿ գործող նախագահը խորապես անհանգստացած է ԼՂ հակամարտության 
հրադադարի դյուրաբեկությամբ. բացառիկ հարցազրույց

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԵԱՀԿ նախագահությունը 2014 թվականի հունվարի 1-ին ստանձնեց Շվեյցարիան` հայտարարելով, որ նախագահելու է «Ստեղծել Անվտանգության համայնք ի շահ բոլորի» կարգախոսով: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկhալտերի հետ:

- Պարո՛ն նախագահ, 2014 թվականի հունվարին Շվեյցարիան ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը` որպես գերակայություններ սահմանելով հակամարտությունների կանխարգելումը և կարգավորումը Արևմտյան Բալկաններում և Հարավային Կովկասում: Մասնավորապես ինչպե՞ս է նոր նախագահությունը մտադիր աջակցել Լեռնային Ղասրաբաղի ձգձգված հակամարտության խաղաղ կարգավորմանը:

-Ընդհանուր առմամբ, մենք կպաշտպանենք գործող ձևաչափերը, որոնք են Մինսկի գործընթացը Լեռնային Ղարաբաղի առնչությամբ և Ժնևյան միջազգային քննարկումները 2008 թվականի Վրաստանի հակամարտության հետևանքների վերաբերյալ: Հարավային Կովկասի հարցերով ես հատուկ ներկայացուցիչ եմ նշանակել դեսպան Անջելո Գնադինգերին և պայմանավորվել Սերբիայի Հանրապետության հետ, որ 2015 թվականին Սերբայի նախագահության ներքո նա կվերահաստատվի այդ պաշտոնում: Պարոն Գնադինգերը ԵԱՀԿ-ի անունից կհամանախագահի Ժնևյան միջազգային քննարկումները և կմասնակցի «Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմների» շուրջ հանդիպումներին Էրգնեթիում:

Շվեյցարիան անմիջականորեն ներգրավված չի լինի Լեռնային Ղարաբաղի  բանակցային գործընթացում, սակայն մենք կաջակցենք Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին: Ես վերահաստատել եմ Անջեյ Կասպրչիկին որպես իմ անձնական ներկայացուցիչ այս միջնորդական առաքելությունում: Նա կապահովի կապը համանախագահների և ԵԱՀԿ նախագահության միջև: Ինչպես նշվել է Վիեննայում հունվարի 16-ի իմ բացման խոսքում, նախագահությունը փորձելու է նպաստավոր միջավայր ստեղծել բանակցային գործընթացի համար և կխրարխուսի ժողովուրդների միջեւ փոխշփումը տարածաշրջանում:

-Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը բանակցային գործընթացում հակամարտության առանցաքային շահագրգիռ կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության վերաբերյալ:

-Քանի որ Շվեյցարիայի նախագահությունն անմիջականորեն ներգրավված չէ բանակցային գործընթացում, մենք չենք մեկնաբանում գործընթացի ձևաչափը և մասնակցությունը:

-Հունվարի 14-ին Դուք ընդունել եք ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահներին: Հատկապես ի՞նչ հարցեր եք քննարկել և ի՞նչ հետագա քայլեր ուրվագծել Ձեզ համար:

-Իսկապես, հունվարի 14-ին Բեռնում ես ընդունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և իմ անձնական ներկայացուցչին: Քննարկման գլխավոր թեման եղել է համագործակցությունը ԵԱՀԿ նախագահի և համանախագահների միջև: Համանախագահները և դեսպան Անջեյ Կասպրչիկը ինձ ծանոթացրել են առկա իրավիճակին և Մինսկի գործընթացում նախատեսվող հետագա քայլերին:

-Ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլը:

- Ես ուրախ եմ, որ վերջին շաբաթներում ակտիվացել են բարձր մակարդակի հանդիպումները: Բոլորովին վերջերս հունվարի 24-ին համանախագահները Փարիզում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Այս հանդիպումը մեկ այլ հնարավորություն էր հետազոտելու հնարավոր ուղիները, ինչպես նաև բանակցային գործընթացում կատարավելիք հետագա քայլերը:

-Ադրբեջանը պարբերաբար ճակատագրական հարձակումներ է գործում սահմանին, սպառնալով իր ռազմական արսենալն օգտագործել պատերազմ վերսկսելու համար: Ինչպիսի՞ միջոցառումներ է Շվեյցարիայի նախագահությունը ծրագրում ձեռնարկել վերջ տալու Ադրբեջանի ագրեսիային և ստիպելու այդ երկրին ենթարկվել հրադադարի պայմաններին:

-Ես խորապես ցավում եմ այն դաժան միջադեպերի համար, որ շարունակում են տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Ես մտքերով զոհերի ընտանիքների հետ եմ: Հրադադարի դյուրաբեկությունը եղել է հունվարի 14-ին Բեռնում խորությամբ քննարկված հարցերի թվում` արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ամրապնդման հնարավոր ուղիների հետ միասին: Հունվարի 23-ին ԵԱՀԿ մոնիտորինգային խմբերն այցելել են շփման գիծ: Ես  կոչ եմ անում կողմերին ամբողջովին օգտագործել ընձեռված հնարավորությունները ուղղակի հաղորդակցության հաստատման և այդ կերպ լարվածության թուլացման համար:

-Հաճախ են հնչում քննադատություններ, որ ԵԱՀԿ-ն արհեստական անկողմակալություն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ` դնելով հավասարության նշան ու աչք փակելով ալիևյան իշխանությունների ագրեսիայի,  հայերի դեմ հարձակումների վրա:

-Անկողմանկալությունը և անաչառությունը ցանկացած միջնորդական առաքելության անքակտելի նախապայմաններն են: Հետևաբար, ԵԱՀԿ-ն` ներառյալ Մինսկի խմբի համանախագահները, մեծ կարևորություն են տալիս հավասարակշռված և խելամիտ հաղորդակցմանը:

-Նախատեսու՞մ եք, արդյոք մոտ ապագայում այցելել Հարավային Կովկաս: Եթե այո, ապա ո՞րն է լինելու այցի գլխավոր նպատակը և ե՞րբ է այն տեղի ունենալու:

 -ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության ժամանակահատվածում տարբեր պաշտոնական այցեր են նախատեսվում ԵԱՀԿ անդամ երկրներ, այդ թվում` Հարավային Կովկաս և Արևմտյան Բալկաններ: Նախապատրաստություններն ընթացքի մեջ են:

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել էր ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության պետքարտուղար Իվ Ռոսյեին: Հանդիպման ժամանակ հայտնի է դարձել, որ  ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի այցը Հայաստան նախատեսվում է ամռանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am