Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բերքաբերում օծվել է Սուրբ Գևորգ եկեղեցին

Բերքաբերում օծվել է Սուրբ Գևորգ եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Բերքաբեր համայնքում հոկտեմբերի 18-ին նախադեպը չունեցած տոնակատարություն էր: Պատերազմ տեսած ու բազմաթիվ զոհեր տված գյուղի հավատավոր ժողովրդի առջև այդ օրն իր դռները բացեց Սուրբ Գևորգ նորակառույց եկեղեցին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանից, եկեղեցին կառուցվել է գյուղի կենտրոնում` սփյուռքահայ բարերարներ Ժիրայր և Սիրանուշ Կանելյանների հովանավորությամբ՝ ի հիշատակ սիրելի ծնողների՝ Խաչիկ և Նազելի Կանելյանների: Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը ներկա էին բարերարները՝ իրենց ընտանիքի անդամներով ու հարազատներով, Տավուշի մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, մարզի հոգևոր դասը, բազմաթիվ հյուրեր սփյուռքից, Հայաստանի տարբեր բնակավայրերից ու հարևան համայնքներից, ամբողջ Բերքաբեր գյուղը:

Միջոցառումը սկսվել է Դռնբացեքի արարողությամբ, որից հետո եկեղեցու ներսում կատարվել է Սբ. Խորանի և Սբ. Սեղանի օծում: Այնուհետև օծվել են նորակառույց եկեղեցու՝ 4 ավետարանիչների և 12 առաքյալների անուներով 16 սյուները: Հավարտ օծման Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի հանդիսապետությամբ կատարվել է Սուրբ Պատարագի արարողություն, որը մատուցել է Տեր Սարգիս քահանա Տերտերյանը: Տոնական օրը բեքաբերցիների համար եզրափակվել է Իջևանի երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթի ներկայացրած գեղեցիկ համերգային ծրագրով և մատաղի հյուրասիրությամբ:

Սուրբ Գևորգ եկեղեցին 15 մետր երկարություն, 11 մետր լայնություն և 14 մետր բարձրություն ունեցող եռանավ գմբեթավոր բազիլիկ կառույց է՝ կառուցված տեղական քարից և մոնոլիտ երկաթբետոնից: Կառույցը սկզբնապես նախագծվել է ճարտարապետ Մերի Դանիելյանի կողմից, ու շինարարությունն սկսվել է դեռևս 1986 թվականից: Սակայն խորհրդային կարգերի փլուզումից հետո դադարեցվել է եկեղեցու շինարարությունը: Հետագայում արդեն մեր հայրենակից, եկեղեցաշինության մեջ ճանաչված ճարտարապետ Միսակ Մելքումյանի գլխավորությամբ փոփոխություններ են կատարվել նախագծային ծավալներում. նախկին երկթեք տանիքի փոխարեն ավելացվել է գմբեթ, որից հետո նախագիծը հաստատվել է Կաթողիկոսի կողմից, և 2012 թվականի դեկտեմբերի 5-ից սկսվել ու օգոստոսի 5-ին ավարտվել է եկեղեցու շինարարությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]