Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի Սոթք եւ Նորաբակ համայնքներում հնագետները պեղել են նորահայտ ու բացառիկ հուշարձանախմբեր

Գեղարքունիքի մարզի Սոթք եւ Նորաբակ համայնքներում հնագետները պեղել են նորահայտ ու բացառիկ հուշարձանախմբեր

ԳԱՎԱՌ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Սոթք եւ Նորաբակ համայնքների վարչական տարածքներում այս ամռան ընթացքում շարունակվել են հնագիտական պեղումները, որոնք սկսվել էին 2011 թվականից` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից, Գերմանիայի Հալեի ու Թյուբինգենի  համալսարանների հետ համագործակցությամբ: Գիտական արշավախումբը ղեկավարել է հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը: Արշավախբում աշխատել են հնագետներ Մարիամ Ամիրյանը, Հասմիկ Սիմոնյանը, Հենրիկ Դանիելյանը, Հարություն Վանյանը: Հնագիտական արշավախումբը պեղել է նորահայտ եւ բացառիկ երեք հուշարձանախմբեր, որոնց հայտնաբերմամբ նոր ճշգրտումներ են կատարվում հնագիտության եւ հայագիտության, Սեւանի ավազանի վաղ մշակույթի պատմության մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  հնագիտական  արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանը, այս տարի  հնագիտական աշխատանքները շարունակվել են  երեք հնավայրերում` «Սոթք 2», «Սոթք 10», «Նորաբակ 1»: Արշավախմբի ուսումնասիրություններին  մասնակցել են Երեւանի պետական համալսարանի եւ վերոհիշյալ գերմանական համալսարանների ուսանողները:

«Սոթք 2» հնավայրի պեղումները սկսվել են դեռեւս 2011թվականից: Այստեղ պեղումների արդյունքում բացվել է հնագույն բնակավայր, որը բնակեցված է եղել վաղ, միջին եւ ուշ բրոնզի, ինչպես նաեւ վաղ երկաթի դարաշրջաններում (Ք.ա. IV հազ. երկրորդ կես-I հազ. սկիզբ): Ընդհանուր առմամբ` բնակատեղին եղել է ժայռափոր, իսկ ժայռի վրա կառուցվել են առանձին շինություններ` հիմնականում կլոր հատակագծով: Ժայռափոր շինություններն ունեցել են գլխավորապես տնտեսական գործառույթ: Այս տարի բացվել են մի շարք ժայռափոր հորեր, որտեղից պեղվել են մոխիր, հացահատիկի սերմեր, կենդանիների ոսկորներ, վանակատե գործիքներ եւ մեծ քանակությամբ խեցեղեն: Հիշարժան է ներմուծված գունազարդ խեցեղենի մի բեկորը, որը խոսում է Սոթքի տարածաշրջանի` Վանի եւ Ուրմիայի գոտու հետ ունեցած մշակութային առնչությունների մասին:

 Պեղումներ են իրականացվել Սոթքի ոսկու հանքի հարեւանությամբ գտնվող նորահայտ «Սոթք 10» միջին բրոնզեդարյան դամբարանաբլրում (թվագրվում է Ք.ա. XVIII-XVI դդ.): Հայտնաբերման պահին (2011թ.) այն կիսով չափ ոչնչացված է եղել, հավանաբար, ոսկու որոնումների ժամանակ կատարված պայթեցման արդյունքում: Այս տարի, վերջնական ավերումից փրկելու նպատակով, դամբարանն ամբողջությամբ պեղվեց: Արդյունքում բացվեց մեկ դամաբարանախուց, որտեղ թաղված է եղել հասարակական ազդեցիկ դիրք ունեցող մարդ: Գտնվեցին ինը տարբեր չափերի եւ ձևերի խեցանոթներ, կենդանիների ոսկորներ (հիմնականում խեցանոթների միջից) եւ բրոնզե դաշույն: Հետաքրքիր է թաղման ծեսը. ըստ նախնական ուսումնասիրությունների` թաղման ժամանակ հարթակի վրա իրականացվել է մարդու զոհաբերություն` դիամասնատման ծեսով:

Պեղումներ են իրականացվել նաեւ  Նորաբակ գյուղին կից գտնվող ամրոց-բնակավայրի «Նորաբակ 1» հնավայրում: Բնակավայրը տեղակայված է Սոթքի ոսկու հանքեր տանող ճանապարհին: Պեղումների արդյունքում գտնված նյութերը  պարզեցին, որ հուշարձանի տարածքը բնակացված է եղել դեռեւս վաղ բրոնզի դարաշրջանում (Ք.ա. XXXV-XXV դդ.), իսկ պաշտպանական համակարգը գործել է վաղ եւ միջին երկաթի դարաշրջանում (Ք.ա. XII-VII դդ.):

Նորաբակի պեղումների նպատակներից կարեւորն էր` պարզել ամրոց-բնակավայրի կառուցման ժամանակաշրջանը եւ մուտքերի կառուցման ճարտարապետությունը: «Նորաբակ 1»-ի  պաշտպանական համակարգն առանձնանում է դեպի ամրոց տանող մուտքերի ձեւերով եւ քանակով` 5 մուտք: Մուտքերից չորսը տեղակայված է  հարավ, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան հատվածներում, իսկ 5-րդ մուտքը՝  հյուսիսարեւմտյան մասում, դիտակետից դեպի բուն ամրոցի ներս տանող ճանապարհին: Ամրոցի ճարտարապետական առանձնահատկություններից մեկը հատակագծային եռանկյունաձեւ հորինվածքն է, որը որոշ առումներով նմանվում է ուրարտական շրջանի ամրոցներին: Ամրոց-բնակավայրի հյուսիսարեւելյան հատվածում՝ դեպի ամրոց տանող մուտքերից  մեկի մոտ, սկսվեցին  հնագիտական աշխատանքներ, որի արդյունքում բացվեց մի հետաքրքիր իրավիճակ: Այս մուտքի պեղումները ցույց են տալիս, որ այն կառուցելու ընթացքում օգտագործվել են ճարտարապետական հետեւյալ լուծումները. նախ, մուտքի հատվածը իր շրջակայքով մշակվել է,  այնուհետև տեղադրվել են ամրոցի պարսպաքարերը,  որից հետո միջին մեծության քարաբեկորները հարմարեցվել են կավածեփ հատակին` ամրության նպատակով,  ապա լցվել են երկու շարք խճաքարեր՝ ստեղծելով դարավանդաձեւ հարթակ: Խճաքարերի ամրակայման նման ճարտարապետական լուծումը կարող է հանդիսանալ ժամանակագրական ցուցիչ:

Իրականացվել են նաեւ հնամետաղագործական (Խ. Մելիքսեթյան), հնաբուսաբանական (Ռ. Հովսեփյան) եւ հնակենդանաբանական (Հ.-Յ. Դոհլե) հետազոտություններ:

Հնագիտական աշխատանքները վերոհիշյալ հուշարձաններում կշարունակվեն հաջորդ տարվա ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am