1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թալիշ-Մուղանական Հանրապետության նախագահը ԵՊՀ-ում մասնակցեց «Թալիշագիտություն» մագիստրոսական ծրագրի բացմանը

Թալիշ-Մուղանական Հանրապետության նախագահը ԵՊՀ-ում մասնակցեց  
«Թալիշագիտություն» մագիստրոսական ծրագրի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ աշխարհում միակ` «Թալիշագիտություն» մագիստրոսական ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մագիստրոսական ծրագրի շնորհանդեսին ներկա էր նաև Թալիշ-Մուղանական Հանրապետության նախագահ Ալաքրամ Ալաքբարի Հումմաթզոդան:

«Այսօր մենք ներկա ենք պատմական իրադարձության, և այն ավելի նշանակալի է դառնում թալիշ ժողովրդի ամենաականավոր գործիչներից մեկի ներկայությամբ: Մագիստրոսական նման ծրագիրը մեր ուսանողներին թույլ կտա զգալ պատմության շնչառությունը, դիպչել պատմության զարկերակին, միաժամանակ կընդլայնի նրանց աշխարհայացքը: Ես ավելի քան վստահ եմ, որ տեսանելի ապագայում հենց Թալիշստանում` թալիշների հայրենիքում, կստեղծվեն թալիշական համալսարաններ, որտեղ կուսումնասիրվեն թալիշական լեզուն, պատմությունն ու մշակույթը, կգա այն օրը, երբ թալիշական դպրոցներում թալիշների լեզուն և գրականությունը կդառնան դասավանդման հիմնական առարկաներ, երբ բոլոր առարկաների դասագրքրեը կլինեն թալիշերեն»,- իր խոսքում նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը: Նա վստահություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ հարյուրամյակներ կամ գուցե հազարամյակ հետո թալիշ պատմիչները, գրելով սեփական ժողովրդի պատմությունը, անպայման կհիշեն, որ առաջին անգամ հենց Հայաստանում է բուհական կրթական ծրագրի մաս կազմել թալիշների լեզվի և պատմության ուսումնասիրությունը, այստեղ են կազմակերպվել առաջին թալիշագիտական գիտաժողովները, Հայաստանում է գործարկվել թալիշերեն հեռարձակող առաջին ռադիոկայանը:

Թալիշ-Մուղանական Հանրապետության նախագահ Ալաքրամ Ալաքբարի Հումմաթզոդան իր հերթին կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության համար: «Միգուցե այսօր շատ թալիշներ չհասկանան, թե ինչու եմ ես այստեղ եկել և ելույթ ունենում: Սակայն 20 տարի առաջ` 1993 թվականին ևս նրանք չէին հասկանում Թալիշ-Մուղանական Հանրապետության ստեղծման նշանակությունը, մինչդեռ հիմա հասկացել են: Մի քանի օր առաջ հայերի Անկախության տոնն էր: Ես շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ: Հայերի դարավոր ձգտումը և ցանկությունը հենց անկախությունն էր, որը նրանք այս պահին ունեն: Ես շատ եմ ձեզ խնդրում` ամուր պահեք այն և աշխատեք, որ ոչ ոք անգամ չմտածի այն ձեզնից խլելու մասին: Մեզնից` թալիշներից այն խլեցին: Հետաքրքիր է, որ Ադրբեջանում մեզ ոչ միայն չեն հարգում, այլև ոչնչացնում են, ձուլում և այս ամենից հետո դեռ պահանջում, որպեսզի դառնանք նրանց եղբայրը: Այս ամենը հասկանալը տրամաբանական չէ»,- իր ելույթում ասաց թալիշական չճանաչված պետության նախագահը: Նա ցավով հավաստիացրեց, որ Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում թալիշները դատապարտված են ձուլվելու: Նման քաղաքականության արդյունքն է հենց այն, որ շատերն այսօր չեն տիրապետում իրենց մայրենի լեզվին` թալիշերենին:

«Մի ժամանակ մենք ունեինք մեր պետությունն ու կառավարությունը: 200 տարի առաջ այն խլեցին մեզանից, և այդ տարիներն իրենց գործն արեցին: Կրկին պետություն ստեղծելը մեզ համար բարդ գործընթաց է: Այս առումով դուք մեզ համար մեծ գործ եք անում: Ես գիտեմ, որ իմ` այստեղ գտնվելը լուրջ բարդություններ է առաջացնելու թալիշների համար, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները զանազան գործողություններ կիրականացնեն, սակայն ոչ ոք հիմա չի կարող արգելել ինձ ձեզ հայտնել իմ երախտագիտությունը»,- ելույթի վերջում ասաց Ալաքրամ Հումմաթզոդան, ում կարծիքով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոսական կազմի կատարած աշխատանքը իրական բարեկամության կամուրջ է ստեղծում հայ և թալիշ ժողովուրդների միջև:

Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում «Թալիշագիտություն» մագիստրոսական ծրագրի շրջանակներում կդասավանդվեն թալիշերեն, թալիշների պատմություն, ազգագրություն, Թալիշստանի պատմական աշխարհագրություն և Թալիշների մարդաբանություն ու գենետիկա առարկաները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]