Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Եվրամիության ու Մաքսային միության անդամ երկրների հետ Հայաստանի առեւտրի ցուցանիշները. համեմատական

Եվրամիության ու Մաքսային միության անդամ երկրների հետ Հայաստանի 
առեւտրի ցուցանիշները. համեմատական

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն այս տարվա առաջին կիսամյակում Եվրամիության անդամ եւ իր գլխավոր առեւտրային գործընկեր երկրներ է արտահանել հիմնականում մետաղներ, հանքաքար եւ ադամանդ, ներմուծել՝ ավտոմեքենաներ, ոչ հում նավթ եւ նավթամթերք, դեղեր եւ սարքավորումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մաքսային միության անդամ Ռուսաստանի հետ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերություններն ավելի ընդգրկուն եւ բազմաշերտ են: Հայաստանը ՌԴ է արտահանել հիմնականում էթիլային սպիրտ, ձուկ, ադամանդ, սննդամթերք, մրգեր, ներմուծել՝ էներգակիրներ, ցորեն, եգիպտացորեն, սպիրտ, ալյումին եւ այլն:

Եվրամիության երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրի ընդհանուր ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում 809 միլիոն դոլար է (ՀՀ արտաքին առեւտրի ընդհանուր ծավալի 30 տոկոսը):

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանման ընդհանուր ցուցանիշը մոտ 266 միլիոն դոլար է, իսկ ներմուծմանը՝ մոտ 543 միլիոն: Այս տարվա երկրորդ կիսամյակում Եվրամիության երկրներից Հայաստանի հետ առավել բարձր առեւտրային տվյալներ են արձանագրել Գերմանիան, Բելգիան, Բուլղարիան, Իտալիան, Նիդերլանդները, Ռումինիան, Միացյալ Թագավորությունն ու Իսպանիան:

 ՀՀ-Գերմանիա

Այս տարվա առաջին կեսին Հայաստանից Գերմանիա է արտահանվել մոտ 39 միլիոն դոլարի ապրանք, որից 24 միլիոն դոլարի՝ երկաթահամահալվածք եւ 9 միլիոն դոլարի՝ մոլիբդեն եւ արտադրանք դրանից: Այսպիսով, ՀՀ-ից Գերմանիա արտահանման ցուցանիշի մոտ 84 տոկոսն այս տարվա առաջին կեսին ապահովել են մետաղները: Այս տարվա առաջին կիսամյակում Գերմանիայից Հայաստան ներմուծված հիմնական ապրանքներն են՝ մարդատար ավտոմեքենաները (46.7 միլիոն դոլարի), արհեստական թելից լարանը` (6.1 միլիոն դոլարի), բեռնափոխադրման համար շարժիչային փոխադրամիջոցները` (5.8 մլն), դեղամիջոցներ`(5.7 մլն), թութունի պատրաստման սարքավորումները՝ (4.3 մլն) եւ տպագրական սարքերը՝ 2.8 միլիոն դոլարի:

 ՀՀ-Բելգիա

Այս տարվա առաջին կեսին Հայաստանից Բելգիա է արտահանվել 81 միլիոն դոլարի ապրանք, որից 52.4 միլիոն դոլարի` չզտված պղինձ, 18.7 միլիոնի՝ ադամանդ եւ 9.1 միլիոն դոլարի ցինկի հանքաքար եւ խտահանք: Այս տարվա առաջին կիսամյակում Բելգիայից Հայաստան ներմուծման ընդհանուր ցուցանիշը մոտ 37 միլիոն դոլար է, որի առյուծի բաժինն ապահովել է դարձյալ ադամանդը՝ 25 միլիոն դոլար:

 ՀՀ-Բուլղարիա

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Բուլղարիա արտահանման ընդհանուր ցուցանիշը կազմել է մոտ 68 միլիոն դոլար, որը գրեթե ամբողջությամբ ապահովվել է պղնձի հանքաքարի եւ խտահանքի հաշվին (67.2 միլիոն դոլար): 2013թ.-ի առաջին կիսամյակում Բուլղարիայից Հայաստան ապրանքների ներմուծման ընդհանուր ցուցանիշը կազմել է մոտ 36 միլիոն դոլար, որից 27.3 միլիոնն ապահովվել է ոչ հում նավթի եւ նավթամթերքի շնորհիվ:

 ՀՀ-Նիդերլանդներ

Այս տարվա առաջին կիսամյակում մեր երկրից Նիդերլանդներ արտահանվել է 35 միլիոն դոլարի ապրանք, որից 31.8 միլիոնի՝ երկաթահամահալվածք: Նիդերլանդներից Հայաստան ներմուծման ընդհանուր ցուցանիշը 15.5 միլիոն դոլար է: Նիդերլանդներից ՀՀ ներմուծված ապրանքների մեջ առավել բարձր ընդհանուր մաքսային արժեք են ունեցել դեղամիջոցները` 2 միլիոն դոլար, բեռնափոխադրումների համար շարժիչային փոխադրամիջոցները՝ 1.7 միլիոն դոլար, կենդանիների կերը՝ 1.5 միլիոն եւ թարմ կամ պաղեցրած կարտոֆիլը՝ 870 հազար դոլար:

 ՀՀ-Իտալիա

Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանից Իտալիա արտահանման ընդհանուր ցուցանիշը 9.2 միլիոն դոլար է, որի մեծ մասն ապահովվել է վերարկուների, թիկնոցների, անձրեւանոցների եւ այլ հագուստի միջոցով (7.4 միլիոն դոլար): Այս տարվա առաջին կիսամյակում Իտալիայից Հայաստան 79.3 միլիոն դոլարի ապրանք է ներմուծվել: Իտալիայից մեր երկիր ներմուծված ապրանքների թվում առավել բարձր մաքսային արժեք են ունեցել սինթետիկ համակցված թելերից գործվածքները` 4 միլիոն դոլար, թութունի պատրաստման սարքավորումները` 2.7 միլիոն դոլար, աման, շիշ լվացող, լցնող, փակող, պիտակավորող սարքերը եւ դեղամիջոցները` 2.5-ական միլիոն, կենդանիների կերը (2.5 մլն), պոմպերը, կոմպրեսատորներն ու օդափոխիչները` 2.2 միլիոն, կոշիկները՝ 2 մլն: Իտալիայից Հայաստան ներմուծված ապրանքերից առավել բարձր ընդհանուր մաքսային արժեք են ունեցել նաեւ շոկոլադը եւ այլ կակաո պարունակող սնունդը` 2.2 միլիոն դոլար, թռչնի մորթիկն ու փետուրները՝ 1.8 միլիոն եւ այլն:

 ՀՀ-Ռումինիա

2013թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանից Ռումինիա արտահանման ցուցանիշը չնչին է՝ 20 հազար դոլար, իսկ ներմուծմանը՝ 51.4 միլիոն: Ռումինիայից Հայաստան ապրանքների ներմուծման 86 տոկոսը կազմել է ոչ հում նավթն ու նավթամթերքը (44.4 միլիոն դոլար):

 ՀՀ-Մեծ Բրիտանիա

Այս տարվա առաջին վեց ամիսներին մեր երկրից Մեծ Բրիտանիա արտահանման ընդհանուր մաքսային արժեքը կազմել է մոտ 16 միլիոն դոլար, ներմուծմանը՝ 19.3 միլիոն: ՀՀ-ից Մեծ Բրիտանիա արտահանման ցուցանիշը գրեթե ամբողջությամբ ապահովվել է այլ թռչող ապարատներ, տիեզերական ապարատ եւ կրիչ-հրթիռ խմբին պատկանող տեխնիկայի հաշվին, իսկ ներմուծման ծավալում մեծ է մարդատար ավտոմեքենաների (3 միլիոն դոլար), դեղամիջոցների (2.1 միլիոն), բուլդոզերների, էքսկավատորների, ճանապարհային գլդոնների եւ այլ նմանատիպ տեխնիկայի (1.5 մլն), բնահող եւ հանքաքար աղալու, խառնելու, ձուլելու սարքերի (1.3 մլն) եւ հեղուկի պոմպերի (1 միլիոն դոլար) տեսակարար կշիռը:

 ՀՀ-Իսպանիա

Այս տարվա առաջին վեց ամիսներին ՀՀ-ից Իսպանիա է արտահանվել 9.5 միլիոն դոլարի ապրանք, որից 9.2 միլիոնը պղնձի հանքաքար եւ խտահանք, իսկ ներմուծվել՝ 24.5 միլիոն դոլարի: Իսպանիայից մեր երկիր ներմուծված առավել բարձր ընդհանուր մաքսային արժեք ունեցող ապրանքներն են՝ էթիլային սպիրտը եւ այլ սպիրտային ըմպելիքները (6 միլիոն դոլար), սեւ մետաղից ցիստեռնները, բաքերը եւ այլ նման տարողությունները (3.2 մլն), երեսպատման սալիկները (2.6 մլն) եւ  ռետինե անվադողերը՝ 1.7 միլիոն դոլար:

Հայաստանի Հանրապետության եւ Մաքսային միության անդամ երկրների առեւտրի ընդհանուր ցուցանիշն այս տարվա առաջին կեսին կազմել է մոտ 680 միլիոն դոլար (ՀՀ արտաքին առեւտրի ընդհանուր ցուցանիշի մոտ 24,5 տոկոսը):

Մաքսային միության անդամ Ռուսաստանից 2013թ.-ի առաջին կիսամյակում ներմուծվել է մոտ 510 միլիոն դոլարի ապրանք, արտահանվել մոտ 144 միլիոնի, Բելառուսից ներմուծվել է 20 միլիոնի, արտահանվել՝ մոտ 3 միլիոնի: Ղազախստանի հետ մեր երկրի առեւտրային ցուցանիշներն այս տարվա առաջին կիսամյակում համեմատաբար համեստ են (ներմուծում՝ մոտ 0.4 միլիոն դոլար, արտահանում՝ մոտ 3 միլիոն):

 ՀՀ-Ռուսաստան

2013 թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման ընդհանուր ցուցանիշը 143.7 միլիոն դոլար է, ներմուծմանը՝ 510.6 միլիոն: Այս տարվա առաջին վեց ամիսներին ՌԴ-ն Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է՝ թե արտահանման եւ թե ներմուծման տվյալներով: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներում առավել մեծ տեսակարար կշիռ են ունեցել հետեւյալ ապրանքները՝ էթիլային սպիրտ եւ այլ սպիրտային ըմպելիքներ՝ 62.6 միլիոն դոլար, ադամանդ՝ 16 միլիոն դոլար, թարմ կամ պաղեցրած ձուկ՝ 5.7 միլիոն, ծիրան եւ այլ մրգեր՝ 8.2 մլն, խեցգետնակերպեր՝ 5.7 մլն, բնական կամ արհեստական ջրեր՝ 3.4 միլիոն դոլար, թարմ կամ պաղեցրած կարտոֆիլը՝ 3.1 մլն: ՀՀ-ից Ռուսաստան արտահանվել է նաեւ 2 միլիոն դոլարի թարմ կամ պաղեցրած վարունգ, 1.2 միլիոնի թարմ կամ չորացրած խաղող, 1-ական միլիոնի սուրճ կամ սուրճի փոխարինիչ, պահածոյացված միրգ, ընկուզեղեն եւ հատապտուղներ եւ խեցեգործ ամանեղեն եւ այլն:

2013թ.-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան ներմուծված առավել բարձր մաքսային ընդհանուր արժեք ունեցող ապրանքներն են՝ բնական եւ հեղուկ գազը (274.8 միլիոն դոլար), նավթ եւ նավթամթերքը (43.8 միլիոն), անմշակ ալյումինը (22.4 մլն), ցորենը (20 մլն), ձեթը (9.8 միլիոն), եգիպտացորենը (7.6 միլիոն դոլար), շոկոլադն ու կակաո պարունակող այլ մթերքները (7.3 մլն), էթիլային սպիրտը (6.1 մլն), ադամանդը (5.9 միլիոն), անվադողերը (4 մլն), մարգարինը (3.8), սեւ մետաղից արտադրանքը (3.7), այլ սննդամթերքը (3.6 միլիոն դոլար) սիգարետները (3.5 մլն), լվացող եւ մաքրող միջոցները (3.3), համակարգիչները եւ դրանց մասերը (3 միլիոն դոլար), հացը եւ հրուշակեղենը (2.8 միլիոն), ավտոմեքենաները` 2.8 մլն: Ռուսաստանից Հայաստան ներմուծված եւ մեկ միլիոն դոլար ընդհանուր մաքսային արժեքը գերազանցած ապրանքներից են նաեւ՝ գարին, ցանքսի սերմերը, պահածոյացված մրգերը, սուրճի եւ թեյի խտահյութերը, հանքային եւ գազավորված ջրերը, դեղամիջոցները, մազերի խնամքի համար միջոցները, արյունը, հակաշիճուկն ու պատվաստանյութերը, շշերն ու բանկաները, հեղուկի պոմպերը, հաղորդալարերը եւ շատ այլ ապրանքներ:

 ՀՀ-Բելառուս

Այս տարվա առաջին կեսին Հայաստանից Բելառուս  արտահանման ցուցանիշի մեծ մասն ապահովել է էթիլային սպիրտը՝ 2.4 միլիոն դոլար: Բելառուսից ապրանքների ներմուծման մեջ մեծ է անվադողերի (4 միլիոն դոլար), բեռնափոխադրման համար շարժիչային փոխադրամիջոցների (4 միլիոն), ոչ հում նավթի եւ նավթամթերքի (1.3 մլն), փոխադրամիջոցների թափքերի եւ հատուկ նշանակության փոխադրամիջոցների (1-ական միլիոն դոլար) եւ դեղամիջոցների (1 մլն) տեսակարար կշիռը:

 2013թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունից արտահանման ընդհանուր ցուցանիշը 710 միլիոն 395 հազար դոլար է, ներմուծմանը՝ 2 միլիարդ 59 միլիոն 817 հազար: ՀՀ արտաքին առեւտրի ընդհանուր ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 2 միլիարդ 770 միլիոն 212 հազար դոլար:

Պատրաստեց Հակոբ Վարդանյանը








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]