Հասարակական

Հայ հասարակությունը վերջին հրաժեշտը տվեց Արամայիս Սահակյանին

3 րոպեի ընթերցում

Հայ հասարակությունը վերջին հրաժեշտը տվեց Արամայիս Սահակյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հասարակությունը, քաղաքական եւ հասարակական գործիչներ, գործընկերները իրենց վերջին հրաժեշտը տվեցին հայտնի գրող, բանաստեղծ, երգիծաբան եւ հրապարակախոս Արամայիս Ադամի Սահակյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգիծաբանին վերջին հրաժեշտըտեղի ունեցավ մարտի 17-ին` ժամը 12:00-14:00-ին, Հայաստանի գրողների միությունում, հուղարկավորությունը` ժամը 14:00-ին՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Մարտի 14-ին՝ կյանքի 77-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է հայտնի գրող, բանաստեղծ, երգիծաբան և հրապարակախոս Արամայիս Ադամի Սահակյանը:

Արամայիս Ադամի Սահակյանը ծնվել է 1936 թ. մայիսի 24-ին՝ Արծվաշեն գյուղում /Բաշքենդ/: Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը, 1967 թ. մասնակցել է նաև Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին: Աշխատել է «Ավանգարդ» թերթում /1960-1965 թթ./, «Գարուն» գրական ամսագրում /1967-1970 թթ./, ՀԼԿԵՄ կենտկոմում /1970-1971 թթ./, ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում /1971-1977 թթ./, 1982 թ-ից եղել է «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, աշխատել է նաև Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաընկերությունում, որտեղ շուրջ 10 տարի ղեկավարել է «Ծիծաղի տուն» սիրված հաղորդաշարը, Հայաստանի գրողների միության անդամ է /1958 թ-ից/, ՀՀ Ազգային Ժողովի առաջին գումարման պատգամավոր:

Արամայիս Սահակյանը 40-ից ավելի գրքերի հեղինակ է, որոնց թվում են «Աստղիկներ» (1958 թ.), «Սիրո հասակ» (1959 թ.), «Մենք միասին ենք» (1964 թ.), «Ապրել և սիրել» (1968 թ.), «Երջանիկ եղեք» (1972 թ.), «Ես սիրում եմ ձեզ» (1975 թ.) գրքերը: Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են հայկական և համամիութենական մամուլում: Բազմաթիվ երգերի տեքստերի հեղինակ է, թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով, զբաղվել նաև թարգմանչությամբ:

Արամայիս Սահակյանը եղել է Հումանիտար գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ , արժանացել է Մովսես Խորենացու մեդալի, ՀՀ վարչապետի շնորհակալագրի եւ Նանսենի անվան ոսկե մեդալի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, «Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ» եկեղեցական պարգևի, ՀԺՄ «Ոսկե գրիչ», Ավետիք Իսահակյանի անվան գրական, Վահան Թեքեյանի անվան երգիծական և ՀԼԿԵՄ մրցանակների:

Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում