Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Պատմական Անիում շարունակվում են Սուրբ Փրկիչ եկեղեցու կոնսերվացման աշխատանքները

Պատմական Անիում շարունակվում են Սուրբ Փրկիչ եկեղեցու կոնսերվացման 
աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմական Անի մայրաքաղաքում շարունակվում են 1954 թ-ին կայծակնահարվելու հետեւանքով երկու մասի բաժանված Սուրբ Փրկիչ եկեղեցու կոնսերվացման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Անատոլու» լրատվական գործակալությանը հայտնել է Կարսի նահանգի մշակույթի եւ զբոսաշրջության տնօրեն Հաքան Դողանայը: Նա նշել է, որ եկեղեցու կանգուն մնացած կեսի  ամրակայման եւ կոնսերվացման աշխատանքներն իրագործվում են Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի եւ Թուրքիայի զբոսաշրջության նախարարության կողմից:

«Այդ աշխատանքների ընթացքում համարակալվում եւ հաշվառվում են եկեղեցուց թափված քարերը, որոնք հետագայում նրա վերակագնման ժամանակ կտեղադրվեն իրենց տեղերում: Սա այն վայրն է, որտեղ այցելել են Քրիստոսի 11 առաքյալները: Եկեղեցին վնասվել է տարածաշրջանի տեկտոնիկ լինելու պատճառով: Անին Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելու դեպքում այստեղ գտնվող բոլոր պատմական հուշարձանները կդառնան աշխարհի սեփականությունը»,- ասել է Դողանայը:

Անին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես համաշխարհային մշակութային ժառանգություն ճանաչելու համար: Դողանայի խոսքով` եկեղեցու վերականգնման աշխատանքները ծրագրվում է ավարտին հասցնել 2014 թ-ի նոյեմբերին:

Սուրբ Փրկիչ եկեղեցին Անիում 21 կանգուն պատմական հուշարձաններից մեկն է: Առանց հենասյուների, միագմբեթ եկեղեցու բարձրությունը 33 մ 33 սմ է:

Հազար ու մեկ եկեղեցիների քաղաք Անին Հայաստանի մայրաքաղաք է հռչակվել շուրջ 1050 տարի առաջ` հայոց Բագրատունի Աշոտ Գ (Ողորմած) թագավորի կողմից: Այն միջնադարում հանդիսանում էր մշակութային եւ տնտեսական կարեւոր կենտրոն: Անին դիմացել է բազմաթիվ պատերազմների, հարձակումների եւ պաշարումների, բայց 1131 թ-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժն ավերակների է վերածել հոյակերտ քաղաքը:

1920 թ-ին Կարսի շրջանը Թուրքիայի կողմից բռնազավթվելուց հետո` սկսած 1990-ական թթ. վերջերից Անիում առանց հայ մասնագետների մասնակցության հնագիտական պեղումներ, ինչպես նաեւ հուշարձանների մասնակի կամ ամբողջական ամրակայման եւ վերականգնման աշխատանքներ են իրականացնում թուրք մասնագետները: Սակայն ակներեւ է, որ այդ աշխատանքները մեծ մասամբ իրականացվել են եւ այժմ էլ շարունակվում են հուշարձանների վերականգնման գիտական նորմերի անտեսմամբ եւ, առավել ցավալի է, հաճախ նաեւ յուրացման ակնհայտ միտումներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am